Դատարանը որոշեց բերման ենթարկել բռնարար ամուսնուն
«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Սեպտեմբերի 28-ին այցելել էինք Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է Տիգրան Ս․-ի քրեական գործը։ Գործի մանրամասները ներկայացնում ենք ստորև։
Սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարան նստավայրում տեղի ունեցավ Տիգրան Ս․-ի գործով հերթական դատական նիստը։ Վերջինս մեղադրվում է կնոջը ծեծելու և առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 113 մաս 1-ին և հոդված 118)։
Ամբաստանյալը չէր ներկայացել դատական նիստին, նրա պաշտպան ևս։ Պաշտպանը գրավոր իրազեկել էր դատարանին, որ չի կարողանալու գալ, քանի որ առողջական լուրջ խնդիր ունի, իսկ Տիգրան Ս․-ի չներկայանալու վերաբերյալ նիստերի քարտուղարը որևէ տեղեկություն չուներ, քանի որ նա չէր պատասխանել զանգերին։
Մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել ամբաստանյալին, քանի որ առանց նրա ներկայությամբ դատաքննությունը չի կարող շարունակվել։ Դատավոր Էդգար Կարապետյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և հաջորդ դատական նիստին Տիգրան Ս․-ին բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 10-ին՝ 15։00-ին։
Նշենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ Տիգրան Ս.-ն 2019թ․-ի հունվարի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի իր տանը, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով իր կնոջ հետ, ոտքով դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ձեռքին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Իսկ հաջորդ օրը, տեղեկանալով, որ Հ. Ս.-ն նախորդ օրվա վիճաբանության պատճառով որդուն դպրոցից վերցնելով նպատակ ունի հեռանալու, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի դպրոցի բակում ծեծել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Սեդա Մարտիրոսյան
Արաքսյա Հարությունյան