Հայկական Ֆեմիդան խոցում է սեփական տնտեսությանը
Ստորև ներկայացնում ենք մեր գործընկեր Վարդան Հարությունյանի վերլուծությունը ՀՀ դատական համակարգի վերաբերյալ։
2018 – ի հոկտեմբերին բախտ ունեցա զրուցել պաշտոնական այցով Երևան ժամանած Նիդեռլանդների թագավորության Գերագույն Վարչական դատարանի նախագահ, հայազգի իրավագետ Թաքվոր Ավեդիսյանի հետ։
Հետհեղափոխական Երևանում, գեղեցիկ աշնանային այգով շտապում էինք դեպի մայր ԲՈՒՀ` զրուցելով դատարանների արդյունավետության հաշվարկի մեթոդներից։
– Որքա՞ն է վարկավորման միջին տոկոսադրույքը Հայաստանում, – ինձ համար անսպասելի հարցեց պարոն Ավեդիսյանը։
– Միջին տարեկանը 8%-ից բարձր, – ասացի ես` հանկարծակիի գալով։
– Պարզ է, – չվարանեց Ավեդիսյանը, ուրեմն Հայաստանում դատարաններն արդյունավետ չեն։
Միանգամից չորսալով տրամաբանական կապը բանկային տոկոսադրույքների չափի ու դատական արդյունավետության մեջ, ես լրագրողական աներեսությամբ հարցրի հոլանդացի – հայ դատավորին, թե որն է կապը։
– Բանկերը չեն վստահում դատարաններին, ո՛չ վեճերի լուծման ժամկետների, ո՛չ էլ կանխատեսելիության առումով։ Նրանց բիզնեսի մի մասը վարկեր տրամադրելն է, որի չվերադարձման դեպքում դատարանն արագորեն պետք է ստիպի վարկառուին վերադարձնել բանկի փողերը։ Հիշենք, որ բանկն էլ իր հերթին վարկային միջոցները ձևավորել է իր բաժնետերերի և մյուս քաղաքացիների ավանդների հաշվին։ Ու քանի որ բանկերը վստահ չեն, որ դատական համակարգը կօգնի իրենց արագորեն վերականգնել արդարությունը, այսինքն վերադարձնել պարտքը, ապա նրանք այդ ռիսկը փորձում են կոմպենսացնել բարձր տոկոսների միջոցով, որպեսզի ինչ-որ չափով ապահովագրեն իրենց հնարավոր կորուստները։
Ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Թվում էր՝ այնքան պարզ է պատճառը, այն մակերեսի վրա է, բոլորիս աչքի առաջ, բայց մենք չէինք նկատում:
Ահա այն բանաձևերից մեկը, որով դասական առումով վերաշենք համարվող դատական իշխանությունը ազդում է հենք համարվող տնտեսության վրա։ Հայաստանում կարծես հիմքն ու վերնաշենքը տեղերով փոխվել են` տասնամյակներ ի վեր դատական իշխանության ոչ արդյունավետ և ոչ թափանցիկ գործունեության արդյունքում է, որ չի զարգացել Հայաստանի տնտեսությունը, և ամենադինամիկ և ձեռներեց հայությունը լքել է հայրենիքը արդարության պակասից դաբաղված։
Ահա թե ինչու փաշինյանական կառավարությունը օր առաջ պետք է սկսեր դատաիրավական ոչ թե թվով չորրորդ կամ հինգերորդ կամ հերթական, այլ իրական հեղափոխական բարեփոխումը։ Կարծես թե մի պահ նա հասկացավ դրա կարևորությունը, երբ կոչ արեց փակել դատարանների դռները։ Հետագա զարգացումները, սակայն, եկան ապացուցելու, որ դրանով նա իր անձնական քաղաքական վրեժն էր լուծում Ռոբերտ Քոչարյանից, քանզի դատարանը հանդգնել էր վերջինիս խափանման միջոցը փոխել։ Հենց որ Քոչարյանին բարեհաջող կերպով նոր դատավորը հետ ուղարկեց բանտախուց, Փաշինյանը միանգամից մոռացավ թե՛ վեթինգը, թե՛ լուստրացիան, թե՛ հեղափոխական բարեփոխման ամեն ճիգ։
Իհարկե, 1998-ից ձևավորված դատավորական համայնքը դիմադրում է, և գուցե դա լավ է պետական ինստիտուտների կայացման համար։ Մյուս կողմից, դատավորների նախկին արդարադատության որակի պատճառով Հայաստանը շարունակում է մեծ կորուստներ կրել թե՛ ներդրումային հեղինակության և թե՛ ֆինանսական առումով։ Խոսքը վերաբերում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ)` հայկական արդարադատության որակին տրված գնահատականներին՝ իր վճիռների տեսքով։ Եվ սա լուրջ մարտահրավեր է ցանկացած իշխանության համար։
Այսպիսով, եթե գործող իշխանությունը չի կարողանում արագ և արդյունավետորեն բարեփոխել դատական համակարգը, ապա այն շարունակելու է իր ընտրողների գրպանից վճարել «նախկինների» ժամանակ տեղի ունեցած իրավունքների խախտումների համար։ Ստացվում է բացասման բացասում, ինչպես կասեր Մարքսը. մարդիկ ընտրում են նոր իշխանություն լավ կյանք ունենալու համար, սակայն իրենց ընտրած իշխանությունների անճարակության արդյունքում շարունակում են բախվել նոր անարդարությունների և վճարել իրենց իսկ կողմից մերժված նախկին անարդարությունների դիմաց ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումները։
Մասնավորապես, նախահեղափոխական Հայաստանում Երևանի փոքր կենտրոնի հողերի օտարման վեճերով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով մենք արդեն իսկ վճարել ենք 324 հազար 581 եվրո փոխհատուցում։ Սրան 2019-ին գումարվեց ՄԻԵԴ նոր վճիռը, որով Հայաստանը պարտավորվեց վճարել 1 միլիոն 6 հարյուր հազար եվրո, որպես փոխհատուցում Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանին։ Այսպիսով շուրջ 2 միլիոն եվրո մենք վճարել ենք դատարանների ոչ արդյունավետ աշխատանքի դիմաց, մինչդեռ այդ գումարներով մենք կարող էինք բարձրացնել մեր պաշտպանունակությունը կամ սահմանամերձ գոտում աշխատատեղեր հիմնել։
2018-ի գարնանային իրադարձություններից անցել է ավելի քան երեք տարի, իսկ ՄԻԵԴ-ը շարունակում է Հայաստանին ուղարկել իր գալիք վճիռների նախազգուշացումները։ Մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ, հունիսի 7-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պաշտոնապես հաղորդել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վարույթ ընդունելու մասին (https://hudoc.echr.coe.int/eng?i=001-210427#%7B%22itemid%22:%5B%22001-210427%22%5D%7D)։ Վեճը վերաբերում է Ամերիաբանկի փոքր բաժնետիրոջ սեփականության և արդար դատաքննության իրավունքների հնարավոր խախտումներին` Ամերիաբանկի, դատարանի և Կենտրոնական Բանկի կողմից։ Ըստ փորձագետների` եթե սույն գործով ՄԻԵԴ-ի վերջնական որոշմամբ խախտումները հաստատվեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի բանկային համակարգի փլուզմանը և Հայաստանի հեղինակազրկմանն այնպիսի միջազգային ֆինանսական կառույցների աչքերում, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն ու Ասիական Զարգացման Բանկը։
Սույն գործը ժամանակին ցնցեց հայկական բանկային և բաժնետիրական նոր – նոր կայացող համայնքը, որին ուշի ուշով հետևում են ամենատարբեր օտարերկրյա ներդրողներ։ Չէ՞ որ բաժնետիրացման, ֆոնդային բորսայի կայացման և ընդհանրապես տնտեսության զարգացման համար կենսական են ոչ միայն խոշոր, այլ մանր ներդրողները։ Պատահական չէ, որ կապիտալով տրիլիոն դոլարը գերազանցող աշխարհի 6 ընկերություններից 5-ը գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Կալիֆոռնիայում մի պարզ պատճառով. ԱՄՆ-ում հարգում են սեփականության իրավունքը, իսկ օրենքի առջև հավասար են թե՛ խոշոր, թե՛ մանր բաժնետերերը։ Իսկ գայթակղվողներին սպասում է ամերիկյան Ֆեմիդայի անխուսափելի պատիժը։
Հայաստանի տնտեսական ապագան վտանգող գործերը եզակի չեն մեր օրերում։ Մասնավորապես, շուրջ երեք տարի է՝ ինչ Վաշինգտոնի միջազգային ներդրումային արբիտրաժում ընթանում է Ջոզեֆ Բարկոսվկին և Ռասիա ՖԶԵ-ն ընդդեմ Հայաստանի դատավարությունը (http://icsiddev.prod.acquia-sites.com/cases/case-database/case-detail?CaseNo=ARB/18/28): Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերն արդեն իսկ հունիսի 28-ին ներկայացրել են իրենց վերջին տեսակետները։ Սա նշանակում է, որ այս տարվա վերջում Հայաստանը կարող է առերեսվել ներդրումային արբիտրաժի որոշման հետ։ Վեճը վերաբերում է Սյունիք – Իրան երկաթգծի և ավտոճանապարհի շինարարությանն ու կոնցեսիային և ըստ մամուլի հրապարակումների` օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից պահանջում են շուրջ 300 հարյուր միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։
Նման հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար, ըստ փորձագիտական շրջանակների հաղորդման, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փորձել է գույքագրել դատական համակարգում առկա հնարավոր խնդիրները և լուծել դրանք տեղում, որպեսզի դրանք ավելի ցավոտ կերպով չփլվեն հեղափոխական կառավարության գլխին «եվրոպաներից»։
Վարդան Հարությունյան