Կենտրոն վարչական շրջանը արձագանքել է «Իրավունքի ուժ» ՀԿ-ի ահազանգին
Երևան քաղաքի Նար-Դոսի 4 հասցեում բնակվող ընտանիքներից մեկում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ հարևաններից ստացված ահազանգը «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը փոխանցել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։ Մեր դիմումի հիման վրա օգոստոսի 2-ին տնային այցելություն է կատարվել տվյալ ընտանիքի բնակարան։ Այցին ներկա են գտնվել Կենտրոն վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի և ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները: «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությանը գրավոր ներկայացվել է այցի արդյունքների մասին տեղեկատվություն։
Ըստ այդ տեղեկատվության՝ բնակարանում այդ պահին գտնվող կինը, ով երեխաների տատիկն է, վստահեցրել է, որ երեխաների նկատմամբ բռնություն չի կիրառվում։ Դա են պնդել նաև անչափահաս երեխաները, որոնց հարցեր ուղղել են ընտանիքի չափահաս անդամի թույլտվությամբ և ներկայությամբ։ Ընտանիքի չափահաս անձը հրավիրվել, ապա և ներկայացել է Կենտրոն վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին` ավելի մանրամասն զրուցելու համար: Զրույցի ընթացքում ևս Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ընտանիքում երեխաների նկատմամբ բռնություն չկա։
Օրեր առաջ, սակայն, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը դարձյալ ահազանգ ստացավ հարևաններից, որ երկշաբաթյա լռությունից հետո նշված ընտանիքի բնակարանից դարձյալ գոռոցներ են լսվում։ Հարևանների փոխանցմամբ՝ մայրը տևական ժամանակ բղավում է մանկահասակ աղջիկների վրա, հավանաբար նաև քաշքշում։ Կենտրոն վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնից «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադրի հետ զրույցում փոխանցեցին, որ հաջորդ անգամ աղմուկ ու բռնության ձայներ լսելու դեպքում հարևանները պետք է ահազանգեն ոստիկանություն, որպեսզի ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր լինի արձանագրել բռնության փաստը, եթե այն առկա է, որին կհետևեն համապատասխան գործողությունները։