Բռնարարին չէին բերել դատարան․ ընտանեկան բռնության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Մայիսի 20-ին այցելել էինք Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (Մասիս նստավայր), որտեղ պետք է քննվեր ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործ։

 

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Ռուստամ Հասանյանը գտվնում է կալանքի տակ, իսկ նրան ուղեկցող դասակը չէր կարողացել տվյալ օրն ապահովել ուղեկցումը։ Դատարան չէին ներկայացել նաև բռնարարի կինը՝ տուժող Չինար Համզոյանը։ Ըստ մեղադրանքի՝ Ռուստամ Հասանյանը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի, 12-րդ փողոցի 7-րդ հասցեում գտնվող տանը վիճաբանել է կնոջ՝ Չինար Համզոյանի հետ, որի ընթացքում, վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ 5-7 անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև սեղանի վրայից վերցրել է ապակե մոխրամանը և այն նետել նրա ուղությամբ, ինչը կպել է Չինար Համզոյանի գլխի աջ հատվածին, որոնց արդյունքում վերջինիս առողջությանը՝ գլխի աջ քունքային շրջանի սալջարդ վերքի և աջ դաստակի արյունազեղման ձևով պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։

 

Դատական նիստը վարում էր դատավոր Թաթուլ Պողոսյանը, ով լրագրողներին տեղեկացրեց, որ մեղադրյալը այլ քրեական գործերով էլ է անցել և ներկայումս դատապարտված է, այդ թվում և ընտանեկան բռնության համար։ Հասանյանին նախկինում մեղադրանք է առաջադրվել որդու և հոր հետ վիճաբանելիս ֆիզիկական բռնություն գործադրելու, ինչպես նաև ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի և ոչ սթափ վիճակում վարելու համար։

 

Չինար Համզոյանին բռնության ենթարկելու գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց 2021թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:00։

 

Դատական նիստին մասնակցեցին

Անահիտ Քարամյանը

Արևիկ Սարգսյանը

Ստեֆանի Օհանջանյանը