Խնամակալութան և հոգաբարձության մարմիններին դիմելու կանանց փորձառությունը

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին դիմելու կանանց փորձառությունը բավահայտելու նպատակով «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է խորքային հարցազրույցներ թվով տասը կանանց հետ՝ նախապես կազմված հարցաթերթիկի հիման վրա։ Հարցազրույցները միտված են եղել պարզելու գենդերային զգայունությունը և դրա հետ կապված խնդիրները, մասնավորապես, թե արդյոք խնամակալության և հոգաբարձության մարմինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում կանանց և տղամարդկանց նկատմամբ,  արդյոք ԽՀՄ անդամներն այնպիսի հարցեր են տվել, որոնք կարող է դիտարկվել գենդերային խտրականություն և այլն։

Հարցազրույցների արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները, որոնց բախվել են կանայք խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ առնչվելիս․

  1. Կնոջ սեռով պայմանավորված հարցադրումներ խնամակալության և հոգաբարձության մարմինների անդամների կողմից, որոնք ունեցել են «մեղադրական» բնույթ (օրինակ՝ «կարո՞ղ է պատասխանել ես ամուսնուդ, այդ պատճառով քեզ տանից դուրս են հանել»)
  2. Խնամակալության և հոգաբարձության մարմինների անդամները դիմումում ներկայացված հարցի քննարկման և դրա հետ կապված հարցեր տալու փոխարեն հայտնում են կարծիքներ կնոջ, նրա բարոյականության մասին, որոնք հիմնված են իրենց սեփական սուբյեկտիվ ընկալումների ու գենդերային կարծրատիպերի վրա և կարող են հոգեճնշող ազդեցություն ունենալ կնոջ վրա (օրինակ՝ «եթե հեռացել է ամուսնուց, ուրեմն նրա կյանքում այլ տղամարդ կա», «այս ամենի պատճառը հեռախոսն է, և կինը չպետք է հեռախոս ունենա» և այլն)
  3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները ցուցաբերել են տարբերակված և կողմնակալ մոտեցում՝ որոշում կայացնելով հօգուտ տղամարդու, ինչը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմիններում, ոստիկանությունում տղամարդու կամ նրա ընտանիքի անդամների ունեցած ազգակցական, միջանձնային կամ այլ կապերով։
  4. Տղամարդու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինները հիմնականում տնայց կատարում են միայն տղամարդու տուն, մինչդեռ կնոջ բնակության վայր չեն այցելում։
  5. Մի շարք դեպքերում միևնույն հարցի հետ կապված կանայք առնչվում են տարբեր խնամակալության և հոգաբարձության մարմինների (ամուսնու բնակության վայրի, իրենց բնակության վայրի) հետ մինչդատական փուլում և դատական փուլում, և համեմատելով դրանց աշխատանքը՝ գնահատում են ամուսնու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատանքը բացասական և կողմնակալ։
  6. Համեմատական գնահատականներ տալիս, ի տարբերություն մարզային/ գյուղական խնամակալության և հոգաբարձության մարմինների, կանայք նշում են Երևան քաղաքում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների (օրինակ՝ Նոր Նորքի խնամակալության և հոգաբարձության մարմինը) աշխատանքից գոհունակության մասին, դա պատճառաբանելով վերջիններիս անկախ ու տղամարդու անձնական և այլ կապերի ազդեցությունից զերծ գործունեությամբ։
  7. Խնամակալության և հոգաբարձության մարմինները ընտանեկան բռնության դեպքերում չեն ցուցաբերում հատուկ մոտեցում քննվող հարցին, չունեն գիտելիքներ, հմտություն և փորձ ընտանեկան բռնության ականատես երեխաների հետ աշխատելու համար, չեն ներգրավում հոգեբան, հաշվի չի առնվում երեխայի լավագույն շահը։

 

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ ԽՀՄ վերաբերյալ հետազոտություն։