«Իրավունքի ուժ» ՀԿ-ն ԽՀՄ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը իրականացրել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ հետազոտություն, որում վեր են հանվել և ամփոփվել են ոլորտում առկա խնդիրներն ու Կառավարությանը ներկայացվել են դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ։
Մասնավորապես, Խնամակալության և հոգաբարձության մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխման համար կազմակերպությունն առաջարկում է երկու տարբերակ:
Առաջին տարբերակում առաջարկվում է Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունը չպատվիրակել համայնքի ղեկավարին և այն իրականացնել կենտրոնական մարմինների ու նրանց տարածքային ստորաբաժանումների միջոցով:
Կենտրոնական մարմինը կարող է լինել քաղաքականություն մշակող և տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, օրինակ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Խնամակալության և հոգաբարձության տարածքային ստորաբաժանումները պետք է ունենան համապատասխան ֆինանսավորում պետական բյուջեից, համալրվեն համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցներով և հետևեն կենտրոնական մարմնի կողմից մշակված մեթոդաբանական ուղեցույցներին։
Երկրորդ տարբերակում առաջարկվում է պահպանել տեղական ինքնակառավարման մարմիններին Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորության պատվիրակումը, սակայն փոփոխել դրա իրականացման տրամաբանությունը՝ ապահովելով համապատասխան ֆինանսավորում պետական բյուջեից:
Առաջարկվում է համայնքներում ձևավորել Խնամակալության և հոգաբարձության գրասենյակներ: Ձևավորվող գրասենյակները պետք է ընդգրկեն բոլոր համայնքները՝ հաշվի առնելով համայնքների բնակչության քանակը և քննվող գործերի միջին տարեկան թիվը:
Երկու տարբերակների դեպքում էլ առաջարկվում է Խնամակալության և հոգաբարձության մարմինների կազմավորման, լիազորությունների, աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական պահանջներին, նրանց իրավունքների և պարտականությունների և նրանց գործունեության հետ կապված այլ հարցերը կարգավորվել Խնամակալության և հոգաբարձության մասին օրենքով: