«Իրավունքի ուժը» ներկայացրեց ձեռնարկ ԽՀՀ անդամների համար

ԽՀՀ ձեռնարկ

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների համար ստեղծած ձեռնարկի շնորհանդեսը։ Կազմակերպության համահիմնադիր Անաիդա Սիմոնյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց, թե նախորդ 2,5 տարիների ընթացքում կազմակերպությունը ինչ գործունեություն է ծավալել խնամակալության և հոգաբարձության ոլորտում։

 

Սիմոնյանի խոսքով՝ կազմակերպությունը ոլորտի հետազոտության իրականացումից հետո ոչ միայն խնդիրներն է վեր հանել, այլև որոշել է աջակցել Խնամակալության և հոգաբարձության մարմիններին և հանձնաժողովներին և ստեղծել է ձեռնարկ, ինչպես նաև կարողությունների զարգացման դասընթացներ է կազմակերպել ԽՀՀ անդամների համար։

Կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանն էլ հակիրճ ներկայացրեց ձեռնարկի բովանդակությունը, որից հետո ելույթներով հադնես եկան ձեռնարկի հեղինակները։ Ձեռնարկը ստեղծվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում։ Շնորհանդեսին ներկա էին նաև նախարարության ներկայացուցիչները, ովքեր շնորհակալություն հայտնեցին «Իրավունքի ուժ» ՀԿ-ին՝ արգասաբեր համագործակցության համար։

Ձեռնարկի տպագիր օրինակներ ուղարկվել են ՀՀ մարզերի բոլոր խոշորացված համայնքների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների Խնամակալության և հոգաբարձության մարմիններին։

Ձեռնարկը պատրաստվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում։

 

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այս հղումով՝ ԽՀՀ Ձեռնարկ։