Դպրոցականի սպանության գործով հարցաքննվում են վկաները

 

«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Հոկտեմբերի 5-ին այցելել էինք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է Ա․Չ-ի քրեական գործը։ Գործի մանրամասները ներկայացնում ենք ստորև։ 

2019 թվականին Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների վիճաբանությունն ավարտվել է աշակերտներից մեկի մահով։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվում է սույն գործով դատաքննությունը։ Մեղադրյալ Ա․Չ․-ն գտնվում է կալանքում։ Հոկտեմբերի 5-ին կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին գործով անցնող վկաները։ Վկաները ցուցմունքները հրապարակման ենթակա չեն՝ արդարադատության շահերից ելնելով, քանի որ դեռ կան վկաներ, որոնք չեն հարցաքննվել և նրանք չպետք է իրազեկվեն, թե ինչպիսի ցուցմունքներ են տվել մյուս վկաները։

Ըստ մեղադրանքի՝ Ա․ Չ․-ն վիճաբանել է Է․ Ա․-ի հետ, որի ժամանակ ապօրինաբար նրան  կյանքից զրկելու դիտավորությամբ, վիճաբանության ընթացքում ընկերոջ կողմից տրամադրված սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության որսորդական դանակի գործադրմամբ շեշտակի հարվածներ է հասցրել Է․Ա․-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ պարանոցի ձախ կեսի հետին մակերեսին, վնասելով ստորադիր մկանախմբերը, կրծքավանդակի ձախ կեսին՛ վնասելով ձախ թոքը, թոքային զարկերակը, սրտապարկը ու սրտի ձախ փորոքը և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Է․Ա․-ին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Մեղադրական եզրակացության մեջ նաև կարդում ենք, որ դանակահարությունից հետո Ա․Չ․-ն ընկերների հետ դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Է․ Ա․-ին շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը գրանցվել է վերջինիս մահը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 12-ին՝ 14։00-ին։

 

Դատական նիստին մասնակցեցին

Մարինա Անդրեասյանը

Էդուարդ Արզումանյանը