Համագործակցության հրավեր լրագրողներին և ԶԼՄ-ներին

Կազմակերպությունն առաջիկայում պատրաստվում է լրագրողներին փոքրիկ դրամական աջակցություն հատկացնել, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություն՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության և դատական համակարգի բարեփոխումները լուսաբանման ուղղությամբ։

Համագործակցության հրավեր լրագրողներին և ԶԼՄ-ներին

 

Հարգելի լրագրողներ, խմբագիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից սկսել է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, մշտադիտարկում ենք դատական ոլորտի բարեփոխումների գործընթացը և հատկապես Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը։

Միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք խրախուսել ԶԼՄ-ներին և լրագրողներին, որպեսզի վերջիններս ավելի հաճախակի անդրադառնան այս ոլորտին և իրենց դիտակետում պահեն դատական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները։ Այս նպատակով կազմակերպությունն առաջիկայում պատրաստվում է լրագրողներին փոքրիկ դրամական աջակցություն հատկացնել, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություն՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության և դատական համակարգի բարեփոխումները լուսաբանման ուղղությամբ։

Հետաքրքրված լրագրողները նախ պետք է գրանցվեն և մասնակցեն թեմայի վերաբերյալ կազմակերպվող հեռավար սեմինարին, որը տեղի է ունենալու հունիսի 13-ին։ Սեմինարի ընթացքում լրագրողներին կփոխանցվեն Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն և այդ գործողությունները լուսաբանելու հմտություններ/խորհուրդներ, ինչպես նաև հնարավորություն կտրվի անկաշկանդ միջավայրում հարցեր ուղղելու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Սեմինարից հետո լրագրողները կառանձնացնեն այն թեմաները, որոնք ցանկանում են լուսաբանել , հնարավորություն կունենան խորհրդակցելու իրավաբանի հետ և կազմակերպության հաստատումից հետո կստանան փոքրիկ դրամական աջակցություն հեռուստա/ռադիոռեպորտաժներ, մուլտիմեդիա նյութեր և հոդվածներ պատրաստելու համար։

Սեմինարի մասնակիցների թիվը սահմանափակ է, ուստի մեծ քանակով հայտերի դեպքում առավելություն է տրվելու դատական նիստեր և դատական համակարգի խնդիրները լուսաբանելու 3 և ավելի տարվա փորձ ունեցող լրագրողներին։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը մինչև հունիսի 8-ը, այն կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfxoQ9mxHTkGBPpVKzvCqvS9lhQJiQAcUcTjRtTUwwFSsrBCA/viewform։

Հարցեր ունենալու դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 0556355566, 041129004 կամ նամակ գրել [email protected] էլ փոստի հասցեին: