«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրը հատուկ մրցանակ է ստացել

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը Հատուկ մրցանակ է ստացել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից Factor TV-ում ընտանեկան բռնության վերաբերյալ հոդվածաշարը հեղինակելու համար, մասնավորապես՝ կանանց նկատմամբ բռնության գործերի լուսաբանման, խնդրի հետևողական բարձրաձայնման, ինչպես նաև գենդերային զգայուն լրագրության ոլորտում իր ներդրումի համար։ 2021-2022 թվականներին Ղարիբյանը 30-ից ավելի լրագրողական նյութեր է պատրաստել, որոնց մեծամասնությունը ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի լուսաբանում է, ինչպես նաև բռնության ենթարկված կանանց հետ հարցազրույցներ։

Մրցանակը տրվել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված Մարդու իրավունքների լուսաբանման խրախուսման լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին։

Իր խոսքում «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրը նշել է, որ ընտանեկան բռնության թեման հիմնահոս լրատվամիջոցներում հազվադեպ է լուսաբանվում։ «Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Factor TV»-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանին, որը առանց մեկ վայրկյան երկմտելու համաձայնեց, որ այս շարքը սկսենք։ Արդեն մեկուկես տարի լուսաբանում ենք ընտանեկան բռնության գործերով դատական նիստերը և ցավով եմ ասում, որ հիմնականում ես միակ լրագրողն եմ լինում դատարանի դահլիճում, ուրիշ ոչ մեկ չի գալիս դատարաններ, հատկապես մարզերի դատարաններ։ Այս խնդիրը մնում է թերի լուսաբանված։ Մենք Factor TV-ի հետ փորձում ենք այս բացը լրացնել, և մեր ջանքերը, փաստորեն, ուշադրության արժանացան, ինչի համար շնորհակալ եմ»,- ասել է մրցանակակիրը։