Գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստերն էլ չեն կայանում

«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Մայիս ամսին այցելել ենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է Գյումրիի փողոցները մաքրելով գումար վաստակող կնոջ սպանության գործը։ 

Գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստը արդեն երեք տարի է՝ ավարտին չի հասնում։ Սահմանված է, որ այս գործով դատական նիստերը տեղի են ունենալու յուրաքանչյուր երկուշաբթի։ Վերջին դատական նիստը կայացել է մայիսի 10-ին, որից հետո նշանակված երեք նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են։

Վերջին նիստում դատարանը ապացույցների զննության փուլում էր, որը կիսատ մնաց աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 7-ի սահմաններում Գյումրի քաղաքում։ Առավոտյան աշխատանքի գնալիս փողոցում ծեծի է ենթարկվել գյումրեցի Ջուլիետտա Ղուկասյանը։ Ստացած հարվածների հետևանքով 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է։ Ըստ հարուցված քրեական գործի, մեղադրանք է առաջադրվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին։ Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին դատական նիստերին ռուս զինծառայողը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան չի ներկայանում։

Գործի դատական քննությունը մեկնարկել է 2019-ի սեպտեմբերից, ամբաստանյալի անվտանգության համար ռուսական բազայի հրամանատարությունը ՀՀ-ից գրավոր երաշխիք էր պահանջել, որից հետո նոր զինվորը կներկայանա նիստերին։ Մի քանի նիստ այս պատճառաբանությամբ հետաձգվելուց հետո ամբաստանյալը դատական նիստերին մասնակցում է ռազմաբազայի տարածքից՝ տեսակապի միջոցով։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները բոյկոտում են դատական նիստերը և չեն մասնակցում։ Նիստը նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանը նշեց, որ օրենքը չի արգելում դատական նիստերին ամբաստանյալի օնլայն մասնակցությունը։

 

Ի դեպ, քրեական գործում նկարագրված են տուժողի ստացած վնասվածքները, ըստ որի բազմաթիվ հարվածներ է հասցվել կնոջ գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան զույգ ակնակապճային շրջանների, ստորին և վերին շրթունքների, ճակատային շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի շրջանի արյունազեղումների, դեմքի ձախ կեսի այտուցվածքի, ձախ կոնքազդրային հոդի շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի քերծվածքների, պոլիտրավմայի, գանգուղեղային փակ վնասվածքի, կրծքավանդակի փակ վնասվածքի, տրավմատիկ շոկի, կոմայի ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ։

 

Տեքստի և լուսանկարի հեղինակ՝ Մարիամ Խալաթյան

 

Դատական նիստին մասնակցեցին

Մարիամ Խալաթյանը

Հրաչ Սահակյանը