«Ձևավորված կարծիքը, թե բոլոր դատավորները սրիկա են, չի համապատասխանում իրականությանը»․ հարցազրույց ԲԴԽ նախագահի հետ
Քննությունը տապալող դատավորի թեկնածուների, կարգապահական վարույթների, դատական համակարգի բերափոխումներին առնչվող օրենսդրական փոփոխությունների և դատավարությունները հեռավար անցկացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ է զրուցել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության փորձագետ Աննա Մարգարյանը։
«ԲԴԽ-ի կողմից ներկայացված առաջարկների
շուրջ 50%-ն ընդունվել է Կառավարության և ԱԺ-ի կողմից»
Ա․Մ․ – Հետհեղափոխական Հայաստանում առաջնահերություններից մեկը դատական համակարգի բարեփոխումներն էին, անցնող տարում ևս նախաձեռնվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Որքանո՞վ էր Բարձրագույն դատական խորհուրդը նախաձեռնող։ Մինչ օրս ԲԴԽ-ի կողմից ինչպիսի՞ օրենսդրական առաջարկություններ են ներկայացվել, դրանցից որո՞նք են իրենց ամրագրումը ստացել համապատասխան օրենսդրական նորմերում։
Ռ․ Վ․ – Վերջին 1,5 տարվա ընթացքում Քաղաքացիական, Վարչական, Քրեական դատավարության և համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական, Քրեական օրենսգրքերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել։ Տվյալ դեպքում ակտիվ մասնակցությունը չպետք է հասկանալ միայն դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելը: ԲԴԽ-ի կողմից նույնպես ներկայացվել են առաջարկներ օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, որոնց գրեթե 50 տոկոսն ընդունվել է և՛ Կառավարության կողմից, և՛ Ազգային ժողովի, կատարվել են օրենսդրական փոփոխություններ։ Ավելին, ԲԴԽ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող օրենսդրության մշակման աշխատանքներին և օրենքների ընդունմանը, սակայն ԲԴԽ-ի կողմից ներկայացված առաջարկները շատ դեպքերում չեն ընդունվել, ինչի արդյունքում այսօր օրենսդրության կիրառման հարցում մենք խնդիրներ ենք տեսնում։ Մենք Օրենսդրության վերլուծության վարչությունում իրավաբանների բավականին հզոր թիմ ունենք, իսկ ԲԴԽ անդամները բոլոր հարցերի քննարկումներին ակտիվորեն մասնակցում են։
Ա․Մ․ – Արդյո՞ք դատավորներին ուղարկվում են օրենսդրական նախագծերը՝ տեսակետ արտահայտելու նպատակով։
Ռ․Վ․ – Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, օրենքի փոփոխություն ուղարկվում է բոլոր դատավորներին, ովքեր ներկայացնում են իրենց կարծիքները կամ անհատապես, կամ միասնական՝ դատարանի միջոցով, այդ պարագայում կարծիքը ներկայացվում է դատարանի նախագահի ստորագրությամբ։ Այլ մեխանիզմ ուղղակի չկա։ ԲԴԽ-ն աշխատում է հետևյալ մեխանիզմով՝ նախաձեռնությունը եղավ, նախագիծը ստացանք, ուղարկում ենք դատարաններ, դատարաններից հետ ենք ստանում, վերլուծում և ուղարկում Կառավարություն կամ Ազգային ժողով։ Ավելին, այն դատավորների առաջարկները, որոնք ԲԴԽ-ի կողմից էլ չեն ընդունվում, այնուամենայնիվ, առանձին ուղարկվում են, որպեսզի որևէ կարծիք չանտեսվի։
Ա․Մ․ – Օրենսդրական նախագծերի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար ժամկետային սահմանափակումներ են լինում, երբեմն էլ կարծիքի տրամադրման համար Կառավարության կողմից ներկայացվում են բավականին սեղմ ժամկետներ։ Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում։
Ռ․Վ․ – Իրավիճակներ են լինում, երբ ներկայացվում է օրենսդրական նախագիծ ծավալուն փաթեթով՝ տրամադրելով եռօրյա ժամկետ կարծիք հայտնելու համար։ Դա շատ սեղմ ժամկետ է, մենք ինքներս չենք հասցնում ծանոթանալ նախագծին, առավել ևս ուղարկել դատարաններ, հետադարձ կապ ապահովել դատարանների հետ, կարծիքներն ամփոփել և համապատասխան փաստաթղթում ամրագրել։ Նման դեպքերում մենք այդ ժամկետի ավարտից հետո էլ, միևնույն է, ուղարկում ենք մեր կարծիքը։ Մեր կողմից որևէ օրենսդրական նախաձեռնություն, նախագիծ անպատասխան չի մնացել։
Ավելին, մեկ շատ լավ նախաձեռնություն ունենք, որը չափազանց կարևոր է: Մասնավորապես, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ունենք բանավոր պայմանավորվածություն, (որն անվերապահորեն կատարվում է) այն մասին, որ մեզ վերաբերող օրենքների նախագծերի կամ այն օրենքների վերաբերյալ, որոնց առնչությամբ մեր կողմից կարծիք է ներկայացվել, քննարկումներին և/կամ լսումներին այդ հանձնաժողովի նիստին մասնակցում են ԲԴԽ-ից մեկ կամ երկու ներկայացուցիչ և բանավոր կարծիք են հայտնում։ Բանավոր կարծիքի ներկայացումն ավելի կարևոր է, քանզի գրավոր կարծիքը, թուղթը, որում ամրագրված են իրավական հիմնավորումները, չեն կարող լիարժեք արտահայտել այն էմոցիան, որը որ արտահայտվում է բանավոր խոսքով։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ մեր կողմից բացասական կարծիք է ներկայացվել, սակայն Կառավարությունից դրական եզրակացությամբ գնացել է Ազգային Ժողով, մեր ներկայացուցիչները բանավոր, ավելի պարզ լեզվով բացատրել են, թե ինչու է այն մեր կողմից անընդունելի, և տվյալ դեպքում նրանց բանավոր, էմոցիոնալ խոսքն ընկալվել է, և այդ փոփոխությունների վերաբերյալ ներկայացված մեր առաջարկներն ընդունվել են։ Այսպիսով, ստացվում է, որ մենք միայն գրավոր ընթացակարգով չենք աշխատում, այլ նաև առերես շփվում և աշխատում ենք Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։
Եթե խիստ մասնագիտական հարցեր են քննարկվում, Հանձնաժողովի քննարկումներին ուղարկվում են մասնակցելու ոչ միայն ԲԴԽ անդամներ, այլև նույնիսկ գործող դատավորներ։ Նրանք պարզ հայերենով բացատրում են, թե ինչու է անհրաժեշտ այս փոփոխությունը կամ ինչ խնդիրներ կարող են առաջանալ այդ փոփոխության արդյունքում։
Ա․Մ․ – Ինչպիսի՞ ներգրավվածություն է ունեցել ԲԴԽ-ն 2020 թ․-ին ընդունված Դատական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներին։
Ռ․Վ․ – ԲԴԽ-ն բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել Դատական օրենսգրքի տվյալ փոփոխություններին, մասնավորապես, նախաձեռնել է քննարկումներ ոչ միայն ԲԴԽ-ի շրջանակներում, այլ նաև քննարկումներ, որոնց մասնակից են եղել Արդարադատության նախարարը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողի նախագահը և լայնածավալ քննարկումների արդյունքում արձանագրել ենք զգալի պրոդուկտիվ արդյունք։
Ա․Մ․ – Իսկ ձեր առաջարկները որքանո՞վ են ընդունվել գործադիր և օրենսդիր մարմինների կողմից։
Ռ․ Վ․ – Մեր կողմից ներկայացված առաջարկների 50-ից 70 տոկոսը ընդունվել են նշված օրենսգրքում։ Իհարկե, եղել են հարցեր, որոնք չեն ընդունվել, այդ թվում կարգապահականի հետ կապված մեր որոշ առաջարկներ։ Օրինակ, ես բազմիցս դեմ եմ արտահայտվել այն հանգամանքի վերաբերյալ, որ քրեական գործ քննող դատավորները հունվարի 1-ից հետո պետք է քննեն նաև «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի շրջանակներում դատարան ներկայացվող միջնորդությունները մինչդատական վարույթում։ Ես կատեգորիկ դեմ եմ արտահայտվել, քանզի դրանով մենք ոչ միայն դյուրին չենք դարձնում պրոցեսը, այլև այդ գործընթացում հանդիպելու ենք բազմաթիվ խնդիրների և արդյունքում ունենալու ենք գաղտնի տեղեկությունների արտահոսք, որի հետևանքով դատավորներ կամ դատական ծառայողներ են քրեական պատասխանատվության ենթարկվելու՝ գաղտնի տեղեկությունների բացահայտման կամ հրապարակման համար։ Վկայակոչած հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել և՛ Արդարադատության նախարարությունում, և՛ Ազգային ժողովում, մեր առարկությունները բանավոր ընդունվել են բոլորի կողմից, բայց հաշվի չեն առնվել։
Ա․Մ․ – ԲԴԽ գործունեության ընթացքում ինչպիսի՞ օրենսդրական բացեր եք հանդիպել և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ բացերը լրացնելու ուղղությամբ։
Ռ․Վ․ – ԲԴԽ-ի կողմից նկատված բացերը, թերությունները և դրանց շուրջ առաջարկություններն այնքան շատ են, որ ներդրել ենք հետևյալ մեխանիզմը՝ Դատական դեպարտամենտում կա աշխատակից, ում գործառույթն է հավաքագրել բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են բերվում։ Օրինակ, գտանք խնդիրը, հանձնարարում ենք տվյալ անձին իր մոտ արձանագրել, ողջ ծավալը հավաքվում է: Կարող եմ նշել, որ արդեն իսկ մի քանի տասնյակ թերթ արձանագրված խնդիրներ ունենք, ինչը հետագայում մեկ փաթեթով առաջարկի տեսքով կներկայացնենք Կառավարությանը։ Այս պահին խնդիրների հավաքագրման փուլում ենք դեռ։
Ավելացնեմ, որ մենք ունենք դատավորներ՝ Հովհաննես Շահնազարյան, Հայարփի Զարգարյան, Գոռ Թորոսյան, ովքեր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի թերությունների վերաբերյալ գիտական աշխատանք են գրել և պատրաստվում են գրքի տեսքով հրատարակել, ինչը շատ ողջունելի է։ Ավելին, նշեմ, որ ԲԴԽ-ն չի հանձնարարել, այլ իրենք սեփական նախաձեռնությամբ են այդ աշխատանքը կատարել: Ես շատ դրական եմ գնահատում կատարված աշխատանքը, քանզի նրանց կողմից խնդիրները ոչ միայն արձանագրվել են, այլև առաջարկվել են դրանց լուծումները գործող օրենսդրությամբ, նաև նշվել են անհրաժեշտ փոփոխությունները։
«ՀՀ-ի դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռներում մեկ կամ երկու դեպք եմ մտաբերում,
երբ նշվել է, որ դատավորն է սխալ թույլ տվել»
Ա․Մ․ – Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերում վերջին փոփոխություններով ավելացվել է նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռները։ Որքանո՞վ է սա կիրառելի, ունենք նմանատիպ պրակտիկա։
Ռ․Վ․ – Իմ խորին համոզմամբ՝ դատավորին պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկել միայն այն դեպքում, երբ դատավորը թույլ է տվել կոպիտ և ակնհայտ նյութական նորմի կամ դատավարական նորմի խախտում կամ հանցագործություն է կատարել դիտավորյալ, առկա է դիտավորություն։ Որոշվել է, որ երբ Եվրոպական դատարանի վճիռներ են կայացվում Հայաստանի դեմ, դրանք առիթ են վարույթ հարուցելու համար։ Սակայն ՀՀ-ի դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռներում մեկ կամ երկու դեպք եմ մտաբերում, երբ նշվել է, որ դատավորն է սխալ թույլ տվել, քանզի, որպես կանոն, Եվրոպական դատարանը արձանագրում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները, որոնց պատճառը մեր թերի օրենսդրական կարգավորումներն են, այսինքն, դատավորի մեղքը չկա՝ դատավորը կիրառել է այն օրենքը, որն այդ պահին կիրառվում էր։
Ավելին, Եվրոպական դատարանի շատ վճիռներից հետո տրամաբանական է, որ օրենսդրական փոփոխություններ են կատարվում, որպեսզի այդ խախտումն այլևս տեղի չունենա։ Այդ վճիռները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են, սակայն դեռ չունենք նման պրակտիկա։
Ա․Մ․ – Ամիսներ առաջ ընտրվեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր կազմը, որում ընդգրկված են նաև ոչ դատավորներ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որքանո՞վ են տարբերվում ոչ դատավոր և դատավոր անդամների դիրքորոշումները։
Ռ․Վ․ – Ոչ դատավոր անդամների ներգրավվածության վերաբերյալ կարծիքի առնչությամբ առավել ճիշտ եմ համարում դիմել Դատավորների ընդհանուր ժողովին։ Սակայն ինձ փոխանցված որոշ տեղեկությունների համաձայն՝ տվյալ հանձնաժողովի ոչ դատավոր անդամներով համալրումից հետո նիստերի անցկացման սկզբնական փուլում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ձևավորվել էր մոտեցում, որ ներկայացված բոլոր բողոքները քաղաքացիների և/կամ փաստաբանների կողմից՝ ենթակա են վարույթ ընդունման, իսկ դատավորները՝ պատասխանատվության ենթարկման։ Սակայն Հանձնաժողովի կողմից վարույթների հարուցման գործընթացում քննարկումների, ուսումնասիրությունների, անդամ դատավորների կարծիքների և/կամ վերլուծությունների, դատավորի պարզաբանման և/կամ կարծիքի ներկայացման արդյունքում ակնհայտ է դարձել, որ ոչ բոլոր բողոքներն են ենթակա վարույթ ընդունելու, և որ միշտ բողոք ներկայացրած կողմը գույներն ավելի է խտացնում և մի ուղղությամբ է ներկայացնում փաստերը՝ իր շահերից ելնելով, այսինքն, միայն բողոքի առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է լսել դատավորի կարծիքը, քննարկել հանգամանքները։ Իհարկե, որոշակի դեպքերում գտնում եմ, որ անհրաժե՛շտ է վարույթների հարցումը, եթե առկա են դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկման հիմքեր։
Ոչ դատավոր անդամները նիստերի ընթացքում համոզվում են, որ դատավորների մասին մամուլում և հանրային հարթակներում ձևավորված կարծիքը, թե բոլորը սրիկա են, չի համապատասխանում իրականությանը, և որքան էլ որ ցավոտ որոշումներ են կայացվել դատավորների կողմից, այնուամենայնիվ, դրանք, որպես կանոն, ընդունվել են օրենքի սահմաններում։
Սակայն արձանագրվել են դեպքեր, երբ դատավորների կողմից թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ։ Օրինակ, ԲԴԽ-ի կողմից արդեն իսկ դադարեցվել են երկու դատավորի լիազորություններ՝ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա։ ԲԴԽ-ի համար նման վիճակագրությունը ողջունելի չէ, մենք կնախընտրեինք ունենալ այնպիսի վիճակագրություն, երբ դատավորների կողմից թույլ չտրվեին խախտումներ և իրենց նկատմամբ հարուցված վարույթները կարճվեին՝ խախտման փաստի բացակայության հիմքով։
«Նիստերը կանցկացվեն հեռավար, եթե կողմերը
համաձայնության են եկել այդ հանգամանքի վերաբերյալ»
Ա․Մ․ – Կովիդի հետ կապված նիստերը հեռահար անցկացնելու և/կամ փաստաթղթերը էլեկտրոնային ներկայացնելու առնչությամբ ի՞նչ խնդիրներ են առաջացել, և ինչպե՞ս է ԲԴԽ-ն կարգավորելու և/կամ համակարգելու դրանք։
Ռ․Վ․ – Էլեկտրոնային եղանակով դատարանի հետ հաղորդակցման կարգը բաց էր, օրենքով կարգավորված չէր, երբեք տվյալ հարցին ուշադրություն չէր դարձվել։ Ավելին, մեր կողմից առաջին երեք ամիսներին հայտարարվել էր, որ մենք բաց և պատրաստակամ ենք ընդունել էլեկտրոնային եղանակով մուտք եղած ցանկացած փաստաթուղթ, հայցադիմում, ապացույցներ, բայց կան դատավորներ, որոնք ֆորմալիստական և լեգիստական մոտեցում են ցուցաբերում՝ նշելով, որ քանզի օրենքով նման կարգավորում սահմանված չէ, իրենք չեն ընդունում նման եղանակով ներկայացված փաստաթղթերը։ Այդ հարցերի կարգավորման նպատակով մեր կողմից այժմ մշակվում է կարգ, որը կոչված է լուծելու նշված հարցերը։ Արտակարգ դրության ժամանակ դատավորների կողմից ընդունվում էր էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառությունը։ Սակայն համավարակի այս երկրորդ ալիքի ընթացքում դատավորներն արձանագրում են, որ չեն կարող նման մոտեցում ցուցաբերել և կարող են պատասխանատվության ենթարկվել։
Հեռավար նիստերի հետ կապված ԲԴԽ-ի կողմից մշակվող կարգավորման համաձայն՝ նիստերը կանցկացվեն հեռավար, եթե կողմերը համաձայնության են եկել այդ հանգամանքի վերաբերյալ։ Օրինակ՝ քրեական գործի շրջանակում, առաջին անգամ դատական նիստ է անցկացվել հեռավար, երբ դատախազը, տուժող կողմը, դատավորը գտնվել են դատարանի դահլիճում, իսկ մեղադրյալը, վերջինիս պաշտպանը և թարգմանիչը գտնվել են այլ վայրում, և նիստը անցկացվել է հեռավար, առանց որևէ խոչընդոտների, քանզի կողմերը, բարի կամքի դրսևորմամբ, համաձայնել են նիստի անցկացման նման կարգի հետ, և նման մոտեցումը ողջունելի է։ Եթե որևէ անձի իրավունք չի խախտվում, ֆորմալիստական մոտեցումը, այն է՝ չկա գրված, ուրեմն չի կարելի, համավարակի պայմաններում այդքան էլ ընդունելի չէ։ Թեև օրենսդրորեն այդ հարցը չունի կարգավորում, բաց է։
(«Հելսինկյան ասոցիացիա» եւ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների համատեղ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների արդյունքներին ծանոթացեք այստեղ)
Ա․Մ․ – Դատավորների թեկնածուների կողմից ներկայացված են մի շարք բողոքներ, հայցեր՝ քննության արդյունքների վիճարկման հետ կապված։ Քննության ո՞ր արդյունքներն են հիմնականում բողոքարկվում, և արդյո՞ք բողոքարկման ընթացքում փոխվում են գնահատման արդյունքները։
Ռ․Վ․ – Դատավորների քննությունների արդյունքները հուսադրող չեն, քանի որ վերջին քննության արդյունքում 13 դատավորի թափուր տեղի մրցույթի համար անցել է միայն մեկ թեկնածու։ Նման վիճակագրությունը ցավալի է, քանի որ շուտով ունենալու ենք դատավորի թափուր հաստիքներ։ Բողոքները հիմնականում ներկայացվում են գրավոր քննությունների հետ կապված՝ Բողոքարկման հանձնաժողովին։ Օրինակ, երկու թեկնածուի բողոքի հիման վրա նրանց գնահատման արդյունքները վերանայվել և փոփոխվել են, և վերջիններս հաղթահարել են անցողիկ շեմը, իսկ մեկ թեկնածուի բողոքի հիման վրա արդյունքը վերանայելիս, նրա կողմից նույնիսկ չի հաղթահարվել նվազագույն շեմը։
Անհնար է սահմանել որևէ չափորոշիչ գրավոր քննության համար, քանզի դատական ակտ գրելը ստեղծագործական աշխատանք է, և՛ քննություն հանձնող դատավորի թեկնածուն, և՛ քննությունը ստուգող դատավորը տվյալ հարցի շուրջ ունեն սուբյեկտիվ մոտեցում, կարծիք, որովհետև այդ հարցի լուծման բնույթն ինքնին սուբյեկտիվ է։