Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հելսինկյան ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերին, տևողությունը 2,5 տարի է։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին՝ ուժեղացնելով քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի կարողությունները, ինչը կհանգեցնի դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանը և համագործակցության հարթակների ստեղծմանը։
Ծրագրի ռազմավարական հիմնաքարերն են՝ (1) վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդումը. (2) ՔՀԿ-ների և մեդիաների՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավումը և (3) պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանումը։
Ծրագրի հաջողության գրավականն է նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը և ռազմավարական պատրաստակամությունը՝ համագործակցելու քաղաքացիական հասարակության հետ աննախադեպ ծավալով։ Ծրագրի նպատակները համահունչ են ՀՀ Կառավարության առաջարկած դատաիրավական ոլորտի բարեփոխումների տեսլականին։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները. վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների՝ մեդիացիայի, պրոբացիայի ծառայության, հոգաբարձության ու խնամակալության հանձնաժողովների ելակետային հետազոտություններ, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մշտադիտարկում, հետազոտությունների արդյունքների հիման վրա առաջարկների ձևակերպում և քննարկումներ շահագրգիռ կողմերի ու որոշում կայացնողների հետ, ոլորտի ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համար կարողությունների զարգացման մի շարք դասընթացներ, դատարանների մշտադիտարկման և այլ գործառույթների համար նախատեսված ձեռնարկների մշակում և տպագրություն, հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված արշավներ, և այլն։ Արդարադատության ոլորտում բարեփոխումներին նպաստելու համար ԵՀՀ-ն նախատեսում է ներգրավել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լավագույն փորձագետների:
Ծրագիրն ընդգրկում է ամբողջ Հայաստանը, նախատեսում է ակտիվ աշխատանք քաղաքականության մշակման ոլորտում, սերտ համագործակցություն պետական և տեղական մակարդակներում։
Ծրագրի շրջանակներում ազատ մրցույթի սկզբունքով հավելյալ, սահմանափակ չափի, դրամաշնորհներ են հատկացվելու տարբեր ՔՀԿ-ների և լրատվամիջոցների՝ դրանով իսկ մեծացնելով և խորացնելով ծրագրի ազդեցությունը և ամրապնդելով ծրագրի իրականացման արդյունքում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։
Ծրագիրը կհանգեցնի այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը, դատական համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը և դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը, դատական բարեփոխումների վերաբերյալ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կայուն համագործակցությանը և քաղաքացիական հասարակության ու մեդիա դաշտում իրավական բարեփոխումների ոլորտում մասնագետների առաջացմանը:
Ծրագրում «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության բյուջեն կազմում է 175,263 ԱՄՆ դոլար։