Դատական իշխանության պաշտոնական կայքը չի ապահովում ամբողջական տեղեկատվություն

Դատական իշխանության պաշտոնական կայքը չի ապահովում ամբողջական տեղեկատվություն

«Իրավունքի ուժ» hասարակական կազմակերպությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) գործունեության մշտադիտարկումը: Մշտադիտարկումը նպատակ ունի լուսաբանելու Խորհրդի կողմից իրականացվող գործունեությունը, վեր հանելու առկա խնդիրները և հասարակությանը իրազեկելու դրանց մասին, ինչը կբարձրացնի Խորհրդի գործունեության հաշվետվողականությունը և թափանցիկությունը:

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են ձեռք բերել հասարակության կյանքում, ինչից զերծ չի մնացել նաև դատական իշխանությունը: Դատական համակարգի հրապարակայնությունն ապահովելու նպատակով նաև օրենսդրորեն ամրագրվել է, որ որոշակի տվյալներ, այդ թվում՝ դատական մարմինների կողմից ընդունված որոշումներ, պետք է հասանելի լինեն դատական իշխանության պաշտոնական www.court.am կայքում (այսուհետ նաև՝ Կայք):

Հաշվի առնելով Կայքի միջոցով դատական համակարգի գործունության հրապարակայնությունն ապահովելու կարևորությունը՝ «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ուսումնասիրության է ենթարկել Կայքը՝ վեր հանելով առկա խնդիրներն ու բացերը, որոնք ներկայացված են ստորև:

 

  1. Դատական գործերի հրապարակում

Դատական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածով սահմանվում է, որ Կայքում  հրապարակվում են դատական գործի և դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որոնց ցանկը և հրապարակման կարգը սահմանում է Խորհուրդը: Ընդ որում այս կարգավորումը ամրագրված է Օրենսգրքի «դատական վարույթի հրապարակայնությունը» հոդվածում:

2021 թվականի փետրվարի 25-ին Խորհուրդը ընդունել է որոշում դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին։ Սակայն առ այսօր դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) վերոնշյալ տեղեկությունը չի տեղադրվում:

 

  1. Տեղեկությունների տեղադրումը կայքում

Ա) Կարգապահական վարույթներ – Խորհուրդը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մասով պաշտոնական կայքում հրապարակում է միայն նիստեր նշանակելու վերաբերյալ տեղեկությունները և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու/չենթարկելու վերաբերյալ որոշումները: Այսինքն վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում (օրինակ՝ խորհրդի անդամների բացարկների վերաբերյալ):

Բ) Վճռաբեկ դատարանի նախագահի որոշումներ – Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ընդունված որոշումները (օրինակ՝ ընդդատության և ենթակայության մասին որոշումները) թեև տեղադրվում են Կայքում, սակայն ժամանակին չեն թարմացվում, օրինակ 2021 թվականին կայացված որոշումները ընդդատության վերաբերյալ առկա չեն:

Գ) Այլ տեղեկություններ – Կայքում որոշ պատուհաններ առհասարակա դատարկ են կամ հնարավոր չէ մուտք գործել: Օրինակ՝ Խորհրդի «որոշումների նախագծեր», «Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով» բաժինները:

Կայքի «Թափանցիկության հարթակ» բաժնում առկա «Ինստիտուցիոնալ տեղեկատվություն», «Իրավակարգավորումներ և փաստաթղթեր» և «Լավ կառավարում և վարքագծի կանոններ» ենթաբաժինները նույնպես լրացված չեն:

Չեն գործում նաև Կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակները:

Այսպիսով վերոգրյալից պարզ է դառնում, որ Կայքում հրապարակվող տեղեկատվությունը դեռևս ամբողջական չէ, հանրությանը չի ապահովում օպերատիվ տեղեկատվությամբ և կարիք ունի մշակվելու: