«Սև ուրբաթ»՝ Գեղարքունիքի դատարաններում

«Սև ուրբաթ»՝ Գեղարքունիքի դատարաններում

 

Այսօր «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամները և դատական նիստերի լուսաբանման դասընթացին մասնակցած լրագրողները մեկնել են Գեղարքունի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ դատական նիստին ներկա գտնվելու և լուսաբանելու նպատակով և բացահայտել են, որ մարզի առնվազն 3 դատարանում «սև ուրբաթ» է՝ դատական նիստերը «զեղչվել են», այսինքն՝ կամ չեն նշանակվել կամ հետաձգվել են։

Սևանի նստավայրում պետք է կայանար հանրային հետաքրքրություն ներկայացնող  գործով դատական նիստ․ խոսքը Սարուխան համայնքում տեղի ունեցած չարաշահումների՝ համայնքի բյուջեից առանձապես խոշոր չափերով հափշտակված գումարների փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է։

Նախքան Սևան մեկնելը կազմակերպությունից զանգել էին դատարան՝ հետաքրքրվելու, թե արդյոք նիստը կայանալու է, թե որևէ պատճառով հետաձգվելու է, քանի որ բազմաթիվ նիստեր հետաձգվում են, օրինակ, դատախազի, պաշտպանի չներկայանալու պատճառով։ Նիստերի քարտուղարը նշել էր, թե նիստը հետաձգելու պատճառ ժամը 12։00-ի դրությամբ չունեն։ Իսկ երբ կազմակերպության անդամներն ու լրագրողները ժամը 14։30-ին հասան դատարան, պարզվեց, որ նիստը հետաձգվելու է դատախազի չներկայանալու պատճառով։

Ու թեև Սևանի նստավայրում քննվում են նաև քաղաքացիական և վարչական գործեր, այդ ժամին որևէ դատական նիստ նշանակված չէր։ Միակ նիստը, որ կայանալու էր Վարչական դատարանի Սևանի նստավայրում, նշանակված էր ժամը 17։30-ին։ Կազմակերպության անդամները զանգել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի և Մարտունու նստավայրեր։ Երկու նստավայրից էլ հաղորդել են, որ իրենք չունեն նախատեսված դատական նիստեր այդ օրը։

Ստացվում է, որ մարզի դատարանների 3 նստավայրերում դատական նիստեր օրվա երկրորդ կեսին գրեթե չկան (բացառությամբ մեկի)։ Եթե հումորով մոտենանք այս իրավիճակին, կարող ենք արձանագրել, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «սև ուրբաթ» է, սակայն փորձը ցույց է տալիս, որ այլ դատարաններում ևս այսպիսի ուրբաթներ են լինում։ Փաստաբան Զարուհի Մեջլումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թե իր անձնական փորձից, թե դատական համակարգի որոնողական համակարգի մշտադիտարկման արդյունքում հասկացել է, որ դատարանները հակված չեն դատական նիստեր նշանակելու ուրբաթ օրերին։

Գո՞ւցե դատավորներից շատերը նախընտրում են նիստեր չնշանակել հանգստյան օրերին ընդառաջ։ Այս հարցը խորությամբ ուսումնասիրված չէ, այն ուսումնասիրելը, ընդհանուր միտումներն ու հնարավոր խնդիրները վեր հանելը պետք է հետաքրքիր Բարձրագույն դատական խորհրդին։ Գո՞ւցե դատարաններում ընդունված պրակտիկա է ուրբաթ օրերին նիստեր չնշանակելը, փոխարենը փակ դռների հետևում դատական գործերի նյութերի վրա աշխատել, դատական ակտեր գրել։ Համենայնդեպս, ՀՀ դատարանները պաշտոնապես չեն հռչակել ուրբաթը կիսաաշխատանքային կամ նիստերից ազատ օր։

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

Դատարան այցելեցին

Անի Ղումաշյանը

Անահիտ Սվարյանը

Անաիդա Սիմոնյանը

Արման Ղարիբյանը