Դատական համակարգից՝ քաղաքականություն․ ինչպես է ԲԴԽ-ն Կարինե Պետրոսյանին ազատել պատասխանատվությունից

Դատական համակարգից՝ քաղաքականություն․ ինչպես է ԲԴԽ-ն Կարինե Պետրոսյանին ազատել պատասխանատվությունից

Անցած շաբաթ ականատես եղանք հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում դատական համակարգից քաղաքականության անցման առաջին դեպքին։ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը սեփական դիմումի համաձայն լքեց դատական համակարգը և գտավ իրեն Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգսյանի ձևավորած դաշինքում։ Նախքան դատական համակարգը լքելը Կարինե Պետրոսյանի դեմ կարգապահական վարույթ էր քննարկվում Բարձրագույն դատական խորհրդում (այսուհետ նաև՝ Խորհուրդ կամ ԲԴԽ), որի որոշումը թեև ի նպաստ դատավորի էր, այնուամենայնիվ, վերջինս չցանկացավ այլևս մնալ համակարգում։

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը մշտադիտարկում է ԲԴԽ-ի գործունեությունը, այդ թվում և կարգապահական վարույթների քննությունը։ Կարինե Պետրոսյանի դեմ քննվող վարույթը հետաքրքրական էր ոչ միայն իրավական տեսանկյունից (այս գործով ԲԴԽ տարբեր անդամներ տարբեր կերպ են մեկնաբանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը), այլև նրանով, որ առաջին անգամ ԲԴԽ դատավոր և գիտնական անդամների կարծիքները բաժանվել են և կտրուկ տարբերվում են իրարից։ Այս գործի քննությունը նաև հետաքրքրական է նրանով, որ դրա շրջանակներում արդեն նախկին դատավորը փորձում է հասնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցմանը՝ դիմելով Վարչական դատարան։

 

 

Կարինե Պետրոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու

գործի նախապատմությունը

 

Արդարադատության նախարարը (այսուհետ նաև՝ Նախարար) այս տարվա հունվարին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ դատավոր Կարինե Պետրոսյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Գագիկ Գրիգորյանի կողմից Նախարարին ներկայացված հաղորդումը:

Հաղորդումը վերաբերում էր քաղաքացի Կոնստանտին Օրբելյանի և «Բուրգեր-Արմ» ՓԲԸ-ի միջև ծագած վեճին։ Մասնավորապես՝ Կոնստանտին Օրբելյանի կողմից դիմում էր ներկայացվել Սնանկության դատարան «Բուրգեր-Արմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը Սնանկության դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՍՆԴ/1782/04/20 սնանկության գործ): Իր հերթին «Բուրգեր Արմ» ՓԲԸ կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ քաղաքացի Կոնստանտին Օրբելյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործ): Գործի շրջանակում Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցիչը դատավոր Կարինե Պետրոսյանին քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության Սնանկության դատարանին հանձնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:

Պետրոսյանը մերժել է Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվում է, որ այն ենթակա է քննության Սնանկության դատարանում: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի ու իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակներում: Վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործով պարտապան «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ն սույն քաղաքացիական գործով պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ չէ (հայցվոր է), դատարանն արձանագրում է, որ առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հիմքը՝ քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Սնանկության դատարանի քննությանը հանձնելու համար»:

Այս որոշման առթիվ Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցիչ փաստաբան Գագիկ Գրիգորյանը դիմել է Նախարարին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ, քանի որ գտել է, որ Դատավորը որոշում կայացնելիս կիրառել է այլևս գոյություն չունեցող իրավական նորմ, ինչով էլ թույլ է տվել դատավարական նորմերի և դատավորի վարքագծի կանոնների ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Նախարարը միջնորդություն է ներկայացնել ԲԴԽ դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

 

Գործի քննությունը

 

Այս գործի շրջանակում տեղի է ունեցել թվով չորս դատական նիստ, որոնցից երեքի ընթացքում տեղի է ունեցել գործի ըստ էության քննություն, իսկ չորրորդ նիստի ընթացքում Խորհուրդը հրապարակել է որոշումը:

Առաջին նիստը տեղի է ունեցել 2021թ. փետրվարի 25-ին, որի ընթացքում Դատավորը հայտարարել է, որ Խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող հանդիսանալ Խորհրդի օրինական կազմի անդամ՝ տարիքը լրացած լինելու պատճառով: Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կարինե Պետրոսյանն իր բողոքն է հայտնում Խորհրդի անդամներից մեկի տարիքը լրացած լինելու վերաբերյալ: Նախկինում Դատավորը նույն հարցը բարձրացրել էր նաև Խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի առնչությամբ:

Միևնույն ժամանակ Դատավորը նշել է, որ ինքը Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ՝ տարիքը լրանալու հիմքով:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ Դատավորը միջնորդել է հետաձգել նիստը, որպեսզի վարչական դատարանը լուծի հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ հարցը, սակայն Խորհուրդը մերժել է միջնորդությունը և շարունակել նիստը։Նշենք, որ Դատավորի կողմից ներկայացված հայցը վարչական դատարանը 2021թ. մարտի 3-ին ընդունել է վարույթ: Դատավորը նաև ներկայացրել է հայցի ապահովման միջնորդություն` պատճառաբանելով, որ հայցադիմումի բավարարման դեպքում կարգապահական վարույթի օրինականության խնդիր կառաջանա, ուստի խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել Գագիկ Ջհանգիրյանին իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը: Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Առաջին ատյանի դատարանի որոշումը Դատավորը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է:

Խորհրդի կողմից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուց հետո Դատավորը հեռացել է նիստերի դահլիճից և չի մասնակցել նիստի հետագա ընթացքին: Այնուհետև Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրել է ինքնաբացարկ՝ հայտնելով, որ իր և Դատավորի ընտանիքները գտնվում են ջերմ հարաբերությունների մեջ: Խորհուրդն ընդունել է ինքնաբացարկը: Այսպիսով Ռուբեն Վարդազարյանն այլևս չի մասնակցել իր մտերիմ դատավորին վերաբերող գործի քննությանը:

Նախարարը Խոհրդին հայտնել է, որ նպատակահարմար կլինի հետաձգել նիստը, որպեսզի հնարավորություն տրվի Դատավորին մասնակցելու գործի քննությանը, սակայն Խորհուրդը նիստը այդ հիմքով չի հետաձգել: Փոխարենը նիստը Խորհրդի որոշմամբ հետաձգվել է՝ ապացույց պահանջելու նպատակով:

Երկրորդ նիստին ներկայացել է Դատավորի ներկայացուցիչը և հայտնել, որ չեն պահպանվել իրենց՝ նիստի մասին ծանուցելու համար սահմանված ժամկետները, և իրենք ուշ են տեղեկացել նիստի մասին, ինչի հիմքով Խորհուրդը հետաձգել է նիստը:

Երրորդ նիստի ընթացքում տեղի է ունեցել գործի ըստ էության քննություն և Խորհուրդը նշանակել է որոշման հրապարակման օր:

 

Խորհրդի որոշումը

 

Վերլուծության այս հատվածում անդրադարձ կկատարենք Խորհրդի կողմից կայացված որոշմանը և այդ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Խորհրդի երեք անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքին: Միևնույն ժամանակ չենք ցանկանում ամբողջությամբ վերարտադրել որոշումը և հատուկ կարծիքը, այլ միայն հակիրճ կանդրադառնանք որոշման և հատուկ կարծիքի ուշադրության արժանի հատվածներին:

Նախ և առաջ նշենք, որ սույն գործով Խորուրդը որոշել է Դատավորին չենթարկել կարգապահական պատասխանատվության, մասնավորապես Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ են եղել Խորհրդի դատավոր անդամներ Ա. Մխիթարյանը, Մ. Մակյանը, Ս. Միքայելյանը և Ս. Չիչոյանը, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ են եղել գիտնական անդամներ Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, Լ. Մելիքջանյանը, Գ. Ջհանգիրյանը և Վ. Քոչարյանը (Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանը չի մասնակցել որոշման կայացմանը, քանի որ հայտնել է ինքնաբացարկ):

 

Այսպես, Խորհուրդը նշում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու համար հիմք է հանդիսացել նաև այն փաստը, որ թե՛ «Սնանկության մասին» նախկին խմբագրությամբ օրենքը, թե՛ նոր խմբագրությամբ օրենքը գործն ընդհանուր իրավասության դատարանից սնանկության դատարան ուղարկելու համար պարտադիր նախապայման են համարում պարտապանի սնանկ ճանաչված լինելը: Տվյալ պարագայում, քանի որ ապացույց չէր ներկայացվել, որ պարտապանը սնանկ է ճանաչվել, հետևաբար անկախ հին կամ նոր խմբագրությամբ օրենքի կիրառումից, միևնույն է, Դատավորը գործը չպետք է փոխանցեր սնանկության դատարան:

Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ տվյալ դեպքում Խորհուրդը մտել է նյութաիրավական դաշտ և ենթադրություն է կատարել, թե գործը ինչպիսի ընթացք կունենար, եթե Դատավորը կիրառեր ճիշտ իրավակարգավորումները: Հատուկ կարծիք ներկայացրած Խորհրդի անդամները այս կապակցությամբ նշում են․

 

«Մեզ համար անընդունելի են Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների կողմից Դատավորի հնարավոր կայացվելիք դատական ակտի բովանդակության վերաբերյալ ենթադրությունները և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության մերժումը: (…): Դեռ ավելին, եթե Խորհրդի անդամները գտնում են, որ անկախ կիրառվող նորմից Դատարանը միևնույն է մերժելու էր միջնորդությունը, ապա նրանք ինչու՞ չեն անդրադարձել այն հանգամանքին, թե ինչու է Դատարանը կիրառել չգործող նորմը գործողի փոխարեն:»:

 

Անհրաժեշտ է նշել նաև այն փաստը, որ տվյալ պարագայում Խորհուրդը ոչ միայն մտել է նյութաիրավական դաշտ, այլև, ըստ մեր խորին համոզման, սխալ է վերլուծել Սնանկության մասին օրնեքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչը կհիմնավորենք ստորև:

Այսպես, համաձայն Սնանկության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝

 

«Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր)»:

 

Տվյալ հոդվածը Խորհուրդը մեկնաբանել է այնպես, որ վերոնշյալ իրավակարգավորման հիման վրա գործը Սնանկության դատարան փոխանցելու համար ամեն դեպքում անհրաժեշտ է, որպեսզի պարտապանը սնանկ ճանաչված լինի: Կարծում ենք նման մեկնաբանությունը ամենևին հիմնավորված չէ, քանի որ «սնանկ ճանաչված» եզրույթը տվյալ դեպքում վերաբերում է միայն ստորակետին նախորդող նախադասությանը՝ այսինքն «պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների» հատվածին և ոչ մի դեպքում այն չի կարելի տարածել նաև ստորակետից հետո ընկած հատվածների վրա:

Կարևոր ենք համարում նաև անդրադառնալ որոշման մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպմանը․

 

« (…) հաշվի առնելով Դատավորի մեծ փորձառությունը նաև սնանկության գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ (ընդգծումը մեր կողմից է), ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իր նվազ կարևորության պատճառով դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը»:

 

Այսպիսով Խորհուրդը իր որոշման մեջ նշում է, որ անկախ այն հանգամանքից, թե որ խմբագրությամբ օրենքը կգործեր, գործը միևնույն է պետք է քններ Դատավորը, այսինքն ըստ Խորհրդի՝ օրենքով տվյալ գործառույթը դրված էր Դատավորի վրա և ինքնըստինքյան ենթադրվում է, որ Դատավորը պետք է մասանագիտական առումով պատրաստ լիներ գործը քննելուն: Սակայն Խորհրդի կողմից տրված «Դատավորի մեծ փորձառությունը սնանկության ոլորտում» ձևակերպումը առաջացնում է որոշակի հակասություն, քանի որ այն դիտվում է որպես «մեղմացնող հանգամանք» դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շրջանակում:

 

Այս հարցին նաև անդրադարձ է կատարվել հատուկ կարծիքում, որտեղ մասնավորապես նշվում է․

 

«Դեռ ավելին Դատավորին արդարացնելու համար (ընդգծումը մեր կողմից է) Որոշմամբ վերջինս բնութագրվում է որպես սնանկության գործերի քննության ոլորտում մեծ փորձառություն ունեցող դատավոր, ինչը «էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ»: Այնինչ գտնում ենք, որ եզրահանգումները պետք է լինեին լրիվ հակառակը. Սնանկության ոլորտում մեծ փորձ ունեցող դատավորը չէր կարող կիրառել ակնհայտորեն չգործող նորմը, Դատավորը չէր կարող նախարարին ներկայացված պատասխանում ակնհայտորեն խեղաթյուրել իր իսկ կողմից կայացված որոշման բովանդակությունը՝ նշելով, որ իրավանորմի բառացի մեջբերում կամ հղում որոշման մեջ առկա չէ, այլ կա ընդհանրական ամփոփում՝ սնանկության գործի շրջանակներում քննվող հնարավոր գործերի վերաբերյալ, այն դեպքում, երբ որոշման մեջ ոչ միայն հղում է կատարված ուժը կորցրած իրավանորմին, այլև մեկնաբանված է, թե ինչու է Դատարանը, կիրառելով այդ նորմը, մերժում միջնորդությունը»:

 

Միանշանակ տրամաբանական է հատուկ կարծիքում տեղ գտած այն դիտարկումը, որ եթե Դատավորն ուներ մեծ փորձ սնանկության ոլորտում, ապա առավել ևս չպետք է կիրառեր ակնհայտորեն չգործող նորմ: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ հատուկ կարծիքում տեղ գտած «Դատավորին արդարացնելու համար» արտահայտությանը: Տվյալ դեպքում որոշակիորեն տպավորություն է ստեղծվում, որ հատուկ կարծիքի հեղինակներն ակնարկում են այն մասին, որ Խորհրդի անդամները նպատակ են ունեցել անպայման արդարացնելու Դատավորին:

 

Խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքում արտահայտվում է նաև հետևյալ դիրքորոշումը․

 

«Մեզ համար անհասկանալի է նաև Դատավորին պատասխանատվությունից ազատելու համար միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների կողմից Որոշման մեջ բերվող հետևյալ հիմնավորումը. «(…) վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում արարքը Դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարած լինելու վերաբերյալ…»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի որևէ նորմով վարույթ հարուցող մարմինը պարտավոր չէ հիմնավորել արարքը դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու հանգամանքը: Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցերը սահմանող դրույթներում «Չարամիտ նպատակ կամ շարժառիթ» եզրույթներն Օրենքում իսպառ բացակայում են:»:

 

Միանշանակ համակարծիք ենք հատուկ կարծիքում առկա վերոնշյալ դիտարկման հետ, քանի որ իսկապես անհասկանալի է, թե ինչ է Խորհուրդը նկատի ունեցել «չարամիտ նպատակ կամ շարժառիթ» եզրույթների ներքո:

Այսպիսով ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ խնդրահարույց է: Սա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից կայացված թերևս ամենախնդրահարույց որոշումն է, որն ավելի է ընդգծվում և կասկածելի դառնում դատավոր Կարինե Պետրոսյանի՝ Ռուբեն Վարդազարյանի և Արթուր Վանեցյանի հետ մտերմություն ունենալու և բացահայտ կուսակցական գործունեության անցնելու համատեքստում։

Կարծում ենք՝ նաև զուգադիպություն չէ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դիրքորոշումների հստակ տարբերություն է արձանագրվել նաև ԲԴԽ դատավոր և գիտնական անդամների միջև։ Դատավորները գտել են, որ պատասխանատվության ենթարկելու հիմք չկա, գիտնականները՝ հակառակը, սակայն վերջիններս ձայները բավարար չեն եղել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար (10 անդամից առնվազն 7-ի կողմ լինելու դեպքում է միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվում), և Կարինե Պետրոսյանն առանց կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հեռացել է դատական համակարգից ու առաջիկայում կդառնա ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու։

 

Տաճատ Ոսկանյան

Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն