ԲԴԽ գործունեության 30-ամսյա մշտադիտարկման ամփոփում

ԲԴԽ

ԲԴԽ գործունեության 30-ամսյա մշտադիտարկման ամփոփում

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատող իրականցվող «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում 30 ամիս մշտադիտարկել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրրդի գործունեությունը: Ի սկզբանե նպատակ է դրվել առավելագույնս օբյեկտիվ և թափանցիկ կերպով հանրությանը ներկայացնել Խորհրդի կողմից իրականացվող գործունեությունը։

 

Մշտադիտարկման ընթացքում մեր կողմից առանձնացվել են Խորհրդի գործունեության երկու կարևոր ուղղություններ, մասնավորապես՝ դատավորների ընտրությունը և դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթները: Այս հարցերի առնչությամբ մեր կողմից պարբերաբար ներկայացվել են վերլուծություններ, որոնց միջոցով հնարավորինս մատչելի կերպով հանրությանը ներկայացվել են Խորհրդում իրականացված աշխատանքները:

 

Ստորև առանձին կետերով ներկայացնում ենք մեր կողմից իրականացված մշտադիտարկման ընթացքն ու արդյունքները։

2019, 2020 և 2021 թվականների ընթացքում դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների վերլուծություններ՝ ըստ տարիների

 

Խորհրդի գործունեության մշտադիտարկման արդյունքում կազմվել են 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ վերլուծություններ, որոնցում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր տարվա ընթացքում տեղի ունեցած կարգապահական վարույթներին և ներկայացվել՝ համեմատության մեջ դնելով նախորդ տարիների հետ:

Փաստաթղթերի միջոցով առանձին-առանձին ներկայացվել են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները և վարույթ հարուցելու առիթները, ներկայացվել է հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ առկա վիճակագրությունը: Եվ վերջապես իրականացվել է կարգապահական կոնկրետ վարույթների բովանդակային վերլուծություն: Իսկ փաստաթղթերի վերջին մասում ներկայացվել են իրականացված վերլուծության ամփոփումն ու համապատասխան առաջարկները:

 

2021 թվականին հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել ենք նաև կարճ տեսանյութի տեսքով․

 

 

Դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական առանձին վարույթների վերլուծություն

 

Մեր կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունվետությունն ու պարբերականությունն ապահովելու համար կազմել և հանրությանն ենք ներկայացրել կարգապահական առանձին վարույթների ընթացքների և արդյունքում կայացված որոշումների վերաբերյալ վերլուծությունները: 2021 թվականի ընթացքում ներկայացվել են թվով 6 կարգապահական վարույթների վերաբերյալ վերլուծություններ, իսկ 2022 թվականի ընթացքում անդրադարձ է կատարվել 1 դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննության արդյունքում կայացված որոշմանը:

Պարբերաբար ներկա լինելով կարգապահական վարույթներով նշանակված նիստերին՝ հնարավորություն ենք ունեցել խորապես ծանոթանալու գործերի քննության ընթացքին և ավելի խորը ուսումնասիրության ենթարկել Խորհրդի կողմից կայացված որոշումները:

2020 և 2021 թվականների ընթացքում դատավորների թեկնածուների հավակնորդների քննությունների վերաբերյալ վերլուծություններ

 

Մեր կողմից իրականացվող մշտադիտարկման շրջանակում մշտապես անդրադարձ է կատարվել դատավորների ընտրության գործընթացին, հատկապես ուշադրություն է դարձվել դատավորների թեկնածուների հավակնորդների քննությունների ընթացքին և արդյունքներին:

Առանձին կերպով վերլուծության են ենթարկվել 2020 և 2021 թվականների ընթացքում անցկացված քննությունները: Վերլուծությունների շրջանակում ներկայացվել են հավակնորդների քննությունների արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են տվյալ տարվա ընթացքում պաշտոնին նշանակված և լիազորությունները դադարած/դադարեցված դատավորների վերաբերյալ տվյալները:

Համեմատության մեջ դիտարկվել են նաև 2020 և 2021 թվականների ընթացքում տեղի ունեցած քննությունների արդյունքները և դատավորների նշանակումների և լիազորությունների դադարեցման վերաբերյալ տվյալները:

Թեմայի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն ներկայացրել ենք նաև տեսանյութի միջոցով․

 

Խորհրդի պաշտոնական կայքի վերաբերյալ վերլուծություն

 

Հրապարակայնությունը և թափանցիկությունը Խորհրդի գործունեության մեջ գրավում է կարևորագույն տեղ: Շատ կարևոր է, որ Խորհրդի գործունեությունը մշտապես լինի հասարակության համար տեսանելի, ինչը ապահովելու գործում մեծ նշանակություն ունի Խորհրդի պաշտոնական կայքէջը: Հենց դա է պատճառը, որ մշտադիտարկման շրջանակում հարկ ենք համարել նաև առանձին վերլուծությամբ անդրադառնալ Խորհրդի կայքին և դրանում հրապարակվող տեղեկատվությանը՝ վեր հանելով առկա բացերը:

 

Սույն ծրագրի շրջանակներում մշտադիտարկվել են նաև ՀՀ բոլոր մարզերի դատարանների աշխատանքները։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից վերապատրաստված լրագրողներն այցելել են տասը մարզի դատարաններ, ներկա եղել դատական նիստներին և արձանագրել մի շարք խնդիրներ, այդ թվում և այն, որ Դատավորները և նիստերի քարտուղարները տեղյակ չեն ԲԴԽ որոշումից։

 

ՀԳ – «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում իրավաբաններ Տաճատ Ոսկանյանին և Աննա Մարգարյանին Բարձրագույն դատական խորհրդի գործունեության արդյունավետ մշտադիտարկման համար։