Դատավորներ Կարինե Բաղդասարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթների վերլուծություն

Դատավորներ Կարինե Բաղդասարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթների վերլուծություն

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) գործունեության մշտադիտարկումը: Վերջին շրջանում Խորհրդի կողմից քննված գործերից առանձնացրել ենք երկու կարգապահական վարույթներ, մասնավորապես խոսքը վերաբերում է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին և առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներին:

Այս որոշումներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ Կարինե Բաղդասարյանը, քննելով վերաքննիչ բողոքը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և անդրադարձել է այնպիսի հարցի որին տվյալ բողոքի շրջանակում իրավունք չուներ անդրադառնալու, իսկ ինչ վերաբերում է Վարդան Գրիգորյանի գործին, ապա այս դեպքում ուշադրության է արժանի Խորհրդի կողմից կայացված որոշումը, որտեղ անդամներից մի քանիսը թեև կողմ են եղել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, սակայն դեմ են եղել կոնկրետ ընտրված կարգապահական տույժի տեսակին: Ստորև ներկայացնում ենք երկու վարույթները՝ ավելի մանրամասն վերլուծության ենթարկելով:

 

  1. Դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման մասին

 

Սույն թվականի հուլիսի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կայացրեց որոշում (այսուհետ նաև՝ Որոշում) վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին և Դատավորին հայտարարեց նկատողություն:

Այս վերլուծության շրջանակում կանդրադառնանք կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմանը՝ գործի բովանդակային մասով:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) նախագահ Գեղամ Գևորգյանի կողմից 11.02.2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված հաղորդումը։ Նախարարի որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և միջնորդություն է ներկայացվել Խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Չցանկանալով ամբողջությամբ վերարտադրել Որոշման մեջ տեղ գտած փաստական հանգամանքները և Խորհրդի դիրոքորոշումները՝ այս վերլուծության մեջ միայն անդրադարձ կկատարենք այն փաստերին և դիրքորոշումներին, որոնք ուղղակիորեն կապված են Դատավորին պատասխանատվության ենթարկելու հետ:

Այսպես, «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ իր նկատմամբ կայացված վարչական ակտը, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում ««ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարչական բողոքը մերժելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է նաև միջնորդություն՝ բողոքարկվող վարչական ակտի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի կատարումը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը կասեցնելու մասին։ Դատարանը այս միջնորդությունը բավարարել է մասնակի: Միջնորդությունը՝ մերժված մասով հայցվորը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան:

Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը և, ի թիվս այլնի, որոշման մեջ նշել է՝ «Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում Հայցվորի եզրահանգումն առ  այն, որ «…խնդրո առարկա պարագայում ՏՄՊՊՀ-ի կողմից կայացված  անիրավաչափ որոշումը, մասնավորապես՝ ՏՄՊՊՀ 10.06.2020 թվականի թիվ 251-  Ա որոշման 5-րդ, 6-րդ կետերի, 8-րդ կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերով  ամրագրված պարտավորությունների կատարումը, ըստ էության, ՀՀ վարչական  դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով Հայցվորին  կպատճառի զգալի վնաս (…):»:

Տվյալ պարագայում առկա է մի իրավիճակ, երբ վերաքննության կարգով բողոքարկվել է միայն վարչական ակտը կասեցնելու մասով առաջին ատյանի կայացրած դատական ակտը, հետևաբար դատարանն իրավունք ուներ անդրադառնալու և իրավական գնահատական տալու միայն այն հարցին, թե արդյոք տվյալ պարագայում վարչական ակտի գործողությունը բողոքարկվող մասով պետք է կասեցվեր, թե՝ ոչ:

Մինչդեռ տվյալ պարգայում Դատավորը անդրադարձել է նաև հենց բողոքարկվող վարչական ակտի իրավաչափությանը: Թեև Դատավորը տվյալ պարագայում ուղղակիորեն չի հաստատել, որ խնդրո առարկա վարչական ակտը անվավեր է կամ ոչ իրավաչափ, այնուամենայնիվ, Դատավորը մեջբերել է կողմի եզրահանգումը, որում վարչական ակտը բնութագրվում է որպես անիրավաչափ, այսինքն Դատավորը անուղղակիորեն որակում է տվել մի վարչական ակտի, որը դեռևս վիճարկվում է առաջին ատյանի դատարանում և չկա վերջնական դատական ակտ:

Խորհուրդը տվյալ պարագայում գտել է, որ Դատավորը գործել է կոպիտ անփութությամբ և իսկապես, պետք է նշել, որ տվյալ պարագայում դատավորը պարտավոր էր գիտակցել իր գործողությունների ոչ իրավաչափությունը: Դատավորի այս գործողությունը կարող է մեծ նշանակություն ունենալ տվյալ գործի քննության հետագա ընթացքի վրա. չէ՞ որ գործը քննող առաջին ատյանի դատարանի դատավորը շատ հնարավոր է՝ որոշակիորեն կաշկանդվի վերաքննիչ դատարանի դատավորի կողմից արտահայտված դիրքորոշմամբ:

 

  1. Դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատավության ենթարկելու մասին որոշման վերաբերյալ

 

Սույն թվականի հուլիսի 8-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ), քննարկելով դատավոր Վարդան Գրիգորյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հրապարակեց որոշում (այսուհետ նաև՝ Որոշում), որով Դատավորին հայտարարվեց նկատողություն: Նախ անդրադարձ կատարենք գործի նախապատմությանը՝ հիշեցնելով, որ նույն դատավորին ԲԴԽ-ն նկատողություն էր հայտարարել նաև 2020 թվականին:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարին 21.01․2021թ․ թվականին ներկայացված հաղորդումը:

Այսպես, 02.09.2020 թվականին Տ․ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Նույն օրը վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Տ․ Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

03․09․2020 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, որոշում է կայացրել այն մերժելու մասին՝ գտնելով, որ «ներկայացված փաստական տվյալները բավարար չեն համարելու, որ Տիգրան Ավետյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքների հետ, այսինքն՝ ներկայացված նյութերում բացակայում է հիմնավոր կասկածը»։

Վերաքննիչ դատարանը, քննելով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված բողոքը, այն բավարարել է մասնակի, առաջին ատյանի դատարանի ակտը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության՝ գտնելով, որ առաջին ատյանի դատարանը վերաբերելի չափանիշով բովանդակային առումով չի անդրադարձել քննիչի միջնորդության մեջ նշված և միջնորդության կից ներկայացված բոլոր փաստական տվյալներին և ներկայացված բոլոր փաստական տվյալները համակցության մեջ չի գնահատել, ինչի արդյունքում համապատասխան հիմնավոր կասկածի բացակայության մասով հանգել է սխալ հետևության։

23․11․2020 թվականին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել մեղադրյալ Տ․ Ավետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Դատավորը, քննության առնելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 24․11․2020 թվականի որոշմամբ  այն մերժել է։ Դատարանը որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ ներկայացված նյութերում առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալը, հնարավոր է, առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների կատարման հետ: Մասնավորապես, Դատարանը փաստել է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում Տ. Ավետյանի մեղադրանքին վերաբերելի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակում են միայն գործով մեկ այլ մեղադրյալ Լևոն Ավագյանի 2020 թվականի նոյեմբերի 20-ի լրացուցիչ հարցաքննությունների արձանագրությունները:

Դատարանի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով Դատարանի  որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, 25․12․2020 թվականի որոշմամբ այն բավարարվել է մասնակի՝ Դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության։

Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, որոշման մեջ նշել է՝ « (…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն ըստ էության իրականացրել է ապացուցողական գործունեություն՝ փաստացի ստուգման և գնահատման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը փաստացի քննության առարկա է դարձրել և մեղսագրվող ենթադրյալ հանցանքներին Տ.Ավետյանի առնչությունը հիմնավորված չլինելու մասին իր հետևությունը պատճառաբանել է այնպիսի հարցերի վերաբերյալ գնահատականներ տալով, որպիսիք հանդիսանում են բուն արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր և դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից (…)»:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Տ.Ավետյանի և նրա պաշտպան Ր.Ասլանյանի կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: 2021 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Այս գործի շրջանակում կանդրադառնանք միայն խորհրդի անդամների կողմից կատարված քվեարկությանը և ձայների կողմ/դեմ բաշխվածությանը:

Այսպես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ են քվեարկել Խորհրդի 7 անդամներ, իսկ 2 անդամ քվեարկել են դեմ (Խորհուրդը ներկայումս գործում է 9 անդամի կազմով): Միևնույն ժամանակ Խորհրդի կողմից Որոշման հրապարակման ժամանակ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ կողմ քվեարկած 7 անդամներից 2-ը՝ Ստեփան Միքայելյանը և Անի Մխիթարյանը, դեմ են եղել ընտրված տույժի տեսակին:

Վերոնշյալի համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ երկու հարցի: Նախ և առաջ, արդյոք այն պարագայում, եթե Խորհրդի անդամները ըստ էության կողմ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, սակայն դեմ են կոնկրետ ընտրված տույժի տեսակին, արդյո՞ք դա պետք է մեկնաբանվի հօգուտ դատավորի, թե՞ ոչ: Այսպես, ենթադրենք իրավիճակ, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ են 7 դատավոր, սակայն երկուսը, ինչպես այս դեպքում, դեմ են կոնկրետ ընտրված տույժի տեսակին և գտնում են, որ ավելի մեղմ տույժի տեսակ պետք է կիրառվի: Նման պարագայում հարց է առաջանում, թե այդ դեպքում արդյոք իրավաչափ կլինի, եթե երկու դատավորների կարծիքը հաշվի չառնվի և նրանց կողմ քվեարկելն օգտագործվի դատավորի նկատմամբ ավելի խիստ կարգապահական տույժ կիրառելու համար (այս գործի պարագայում անհայտ է թե ինչպիսի տույժի տեսակին էին կողմ մյուս երկու անդամները, ինչի մասին նույնպես կխոսվի): Չէ՞ որ երկու անդամները գտնում են, որ դատավորն արժանի չէ մյուս անդամների առաջարկած խիստ տույժի ենթարկվելուն:

Կարծում ենք՝ այս դեպքում 2 անդամների ձայները միանշանակ պետք է հաշվվեն հօգուտ դատավորի և դատավորի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ կարգապահական տույժի տեսակ, ինչը հիմնավորում ենք հետևյալ կերպ: Այսպես, եթե Դատական օրենսգիրքը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար սահմանել է ձայների նվազագույն քանակ (որպեսզի դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, պետք է առնվազն 6 անդամ կողմ քվեարկի), հետևաբար տրամաբանական է, որ նման պահանջը պետք է տարածվի նաև կարգապահական տույժի ընտրության հարցում: Այլ կերպ ասած, երբ կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ քվեարկած խորհրդի անդամների ձայները չի բավարարում, ավտոմատ կերպով ընդունվում է հակառակ որոշումը, այսինքն դատավորը չի ենթարկվում կարգապահական պատասխանատվության, նույնը այս դեպքում, երբ խորհրդի անդամների ձայները չեն բավարարում ավելի խիստ տույժի տեսակ ընտրելու հարցում, ապա պետք է ավտոմատ կերպով ընդունված համարվի տույժի ավելի մեղմ տեսակը:

Մյուս հարցը, որին ցանկանում ենք անդրադառնալ այն է, որ այս պարագայում երկու դատավորներ չնայած ըստ էության դեմ են եղել կարգապահական տույժի կոնկրետ տեսակին, այնուամենայնիվ չեն ներկայացրել հատուկ կարծիք: Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Կարծում ենք` այս դեպքում, Խորհրդի անդամը միանշանակ պետք է ներկայացնի հատուկ կարծիք, քանի որ պետք է հիմնավորվի թե ինչու է դեմ կոնկրետ կարգապահական տույժի տեսակին և քանի որ քվեարկությունը անցկացվում է խորհրդակցական սենյակում, հանրությունը պետք է հնարավորություն ունենա գոնե հատուկ կարծիքի միջոցով ծանոթանալու տվյալ անդամի դիրքորոշմանը կարգապահական տույժի տեսակի առումով:

 

Տաճատ Ոսկանյան