2021-ին դատավորների նկատմամբ գրեթե կրկնակի ավելի վարույթներ են հարուցվել 2020-ի համեմատությամբ

ԲԴԽ վարույթներ

2021-ին դատավորների նկատմամբ գրեթե կրկնակի ավելի վարույթներ են հարուցվել 2020-ի համեմատությամբ

2021 թվականի ընթացքում դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ քանակական և բովանդակային վերլուծություն

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը, իրականացնելով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ կամ Խորհուրդ) գործունեության մշտադիտարկումը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Խորհրդի կողմից կայացվող որոշումները դատավորներին և ԲԴԽ անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ և պարբերաբար անդրադարձ է կատարել դրանցից առանձնապես հետաքրքրություն ներկայացնող վարույթներին:

 

Այս վերլուծության շրջանակում ցանկանում ենք ամփոփել 2021 թվականի ընթացքում դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: Առանձին կանդրադառնանք առկա վիճակագրությանը, ինչպես նաև վարույթների արդյունքում կայացված առավել հետաքրքիր որոշումներին:

                           

Հարուցված կարգապահական վարույթների քանակական վերլուծություն

 

Այսպես, 2021 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ հարուցվել է թվով 28 կարգպահական վարույթ, որոնցից 25-ը դատավորների նկատմամբ, իսկ 3-ը՝ ԲԴԽ անդամների նկատմամբ:

 

Կարգապահական վարույթ նախաձեռնելու իրավասություն ունեցող մարմինները հարուցել են հետևյալ քանակությամբ վարույթներ՝

 

Մարմինները

 

Վարույթների թիվը
Արդարադատության նախարարություն

 

18
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով

 

6
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 4

 

2021 թվականին հարուցված կարգապահական վարույթների քննության արդյունքում ԲԴԽ-ն կայացրել է հետևյալ որոշումները՝

 

Վարույթի արդյունքը

 

Վարույթների թիվը
Չի ենթարկվել պատասխանատվության

 

17
Հայտարարել է նախազգուշացում

 

1
Հայտարարել է նկատողություն

 

2
Հայտարարել է խիստ նկատողություն

 

3
Դադարեցրել է լիազորությունները 2

 

Դեռևս գտնվում է քննության փուլում

 

3

 

Նշենք նաև, որ 2021 թվականին որոշումներ են կայացվել նաև թվով 3 կարգապահական վարույթներով, որոնց քննությունը սկսվել էր 2020 թվականին:

 

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի ընթացքում հարուցվել է ընդհանուր առմամբ 15 կարգապահական վարույթ, այսինքն՝ 2021 թվականին հարուցվել են գրեթե կրկնակի ավելի շատ վարույթներ, քան 2020 թվականին:

 

 

 

Կարգապահական վարույթների քննության արդյունքում կայացված որոշումների բովանդակային վերլուծություն

 

Վերլուծության այս մասում ցանկանում ենք անդրադառնալ կարգապահական վարույթների առչնությամբ Խորհրդի կողմից կայացված մի քանի որոշումների և հակիրճ ներկայացնել Խորհրդի արտահայտած դիրքորոշումները տվյալ վարույթների վերաբերյալ:

 

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի գործը

 

Էդուարդ Ամալյանի (Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է դեռևս 2020 թվականին, սակայն գործով որոշում կայացվել է 2021 թվականին:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Ալեն Սիմոնյանի կողմից Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը: Այս կարգապահական վարույթի արդյունքում Դատավորին հայտարարվել է նախազգուշացում:

 

Տվյալ պարագայում Ալեն Սիմոնյանի կողմից պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել դատարան, որը Դատավորը վերդարձրել է, քանի որ գտել է, որ այն ենթակա չէ քննության տվյալ դատարանում: Այս դեպքում Դատավորն անտեսել է այն փաստը, որ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասին վերաբերող գործերով սահմանված է բացառություն ընդդատության ընդհանուր կանոնից:

 

Խորհուրդն արձանագրել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումը և վարքագծի կանոնի խախտումը կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

 

Խորհուրդը Դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս հաշվի է առել խախտման բնույթը, Դատավորի անձը և առկա տույժերը և գտել է, որ այս պարգայում համաչափ կլինի Դատավորի նկատմամբ կիրառել ամենամեղմ տույժի տեսակը՝ նախազգուշացում:

 

  • Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի գործը

 

Արշակ Ալավերդյանի (Դատավոր) նկատմամբ 2021 թվականի ընթացքում կայացվել է երկու որոշում, որոնցից մեկով Դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ մյուսով՝ խիստ նկատողություն:

 

Նախ անդրադառնանք առաջին վարույթին, որը հարուցվել էր դեռևս 2020 թվականին: Այս վարույթի համար առիթ է հանդիսացել փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի կողմից Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացված հաղորդումը:

 

Տվյալ պարագայում Դատավորի կողմից չէին պահպանվել դատական ակտերը կողմերին ուղարկելու համար Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետները: Խորհուրդը գտել է, որ այս խախտումը Դատավորի կողմից կատարվել է ուղղակի դիտավորությամբ, քանի որ Դատավորը գիտակցել է իր գործողությունների ոչ իրավաչափ բնույթը: Միաժամանակ Խորհուրդն արձանագրել է, որ այդ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների խախտման:

 

Խորհուրդը Դատավորի նկատմամբ տույժի տեսակ ընտրելիս հաշվի է առել, որ Դատավորը խախումը կատարելիս վստահ է եղել, որ դրա արդյունքում կողմերը չեն զրկվի բողոքարկման իրենց իրավունքից, քանի որ առկա է հնարավորություն բողոքարկման ժամկետների բացթողումը հարգելի ճանաչելու, միևնույն ժամանակ Դատավորը բազմիցս խնդրել է Խորհրդին հանել իր անունը դատական գործերի բաշխման համակարգից, ինչը Խորհրդի կողմից արվել է 14.12.2020թ.: Նման պարագայում Խորհուրդը Դատավորին հայտարարել է նախազգուշացում:

 

Երկրորդ վարույթի համար առիթ է հանդիսացել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից Հանձնաժողովին տրված հաղորդումը:

 

Այս պարագայում վարույթը կապված է Դատավորի կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման և դատական ակտերը կողմերին սահմանված ժամկետերի խախտմամբ ուղարկելու հետ: Դատավորի վարույթում գտնվող երկու գործերի քննությունը տևել է ավելի քան 8 տարի, ինչը Խորհրդի գնահատմամբ ոչ մի կերպ չի կարող համարվել ողջամիտ ժամկետ գործերի քննության համար: Միևնույն ժամանակ Դատավորը երկու գործերով դատական ակտերը կողմերին հասանելի է դարձրել ակնկալվող ժամկետից ավելի քան 1 տարի 4 ամիս ավելի ուշ և տվյալ պարագայում Խորհուրդը հիմնավոր չի համարել նաև Դատավորի այն պատճառաբանությունը, որ գործերի քննության ձգձգումները և կողմերին վճիռների հանձնման ուշացումը եղել են Դատավորի գերծանրաբեռնվածության արդյունք։

 

Խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ Դատավորը գիտակցել է իր գործողությունների ոչ իրավաչափ բնույթը, ինչը հաստատվել է նաև Խորհրդում Դատավորի կողմից տրված բացատրություններով: Խախտումները հանգեցրել են նաև վարքագծի կանոնների խախտման:

 

Կարգապահական պատասխանատվության տույժի տեսակ ընտրելիս Խորհուրդը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ 14.12.2020թ. Խորհուրդը հանել է Դատավորի անունը դատական գործերի բաշխման համակարգից, սակայն դա չի օգտագործվել Դատավորի կողմից խնդրո առարկա գործերով վճիռները կողմերին ժամանակին հանձնելու համար:

 

Խորհուրդը հաշվի է առել նաև այն փաստը, որ Դատավորը կարգապահական հարցի քննության պահին չի ունեցել կարգապահական տույժ[1]:

 

Հաշվի առնելով վերոգրյալը Դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն:

 

 

  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի գործը

 

Բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (Դատավոր) շուրջ, քանի որ միայն 2021 թվականի ընթացքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացվել է 3 որոշում, որոնցից առաջինով չի ենթարկվել պատասխանատվության, երկրորդով հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ երրորդով դադարեցվել են Դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտում թույլ տալու հիքմով: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ երեք դեպքում էլ վարույթներ հարուցելու առիթ են հանդիսացել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումները:

 

Դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթներից ուշադրության է արժանի 3-րդ որոշումը, որով դադարեցվել է Դատավորի լիազորությունները: Այս որոշմանը «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը արդեն իսկ անդրադարձել է առանձին վերլուծության շրջանակում:

 

Խորհուրդը գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները էական կարգապահական խախտումներ են և համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ: Միևնույն ժամանակ հաշվի է առնվել այն փաստը, որ Դատավորի նկատմամբ կիրառված է եղել «խիստ նկատողություն» կարգապահահական տույժը: Ուստի նման պարագայում Խորհուրդը որոշել է դադարեցնել Դատավորի լիազորությունները:

 

  • ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը

 

Այս գործի շրջանակում վարույթ հարուցող մարմին է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), իսկ վարույթի հիմք է հանդիսացել օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հայտարարագրերի վերաբերյալ պատշաճ նյութեր և պարզաբանումներ չներկայացնելը:

 

Այս վարույթի շրջանակում Խորհուրդը վերլուծել է այն հարցը, թե ինչպիսի ժամկետում է ԿԿՀ-ն իրավասու կատարելու ԲԴԽ անդամների հայտարարագրերի վերլուծություն: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում նշվում է, որ ԿԿՀ-ն պետք է վերլուծի ԲԴԽ անդամների հայտարարագրերը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև 02.08.2020թ.: Խորհուրդը գտել է, որ նշված եռամսյա ժամկետը չպահպանելը օրենքի պահանջի խախտում է: Հետևաբար, այն պարագայում, եթե ԿԿՀ-ն օրենքով սահմանված ժամկետում չի կատարում հայտարարագրի վերլուծությունը և չի իրացնում պարզաբանում պահանջելու իր լիազորությունը, ապա հայտարարատու անձի կողմից իրավաչափ է գնահատվում նշված ժամկետների սահմանազանցմամբ ներկայացված պահանջների չկատարումը: Այլ կերպ ասած ԿԿՀ-ն իրավունք չունի եռամսյա ժամկետը լրանալուց հետո պահանջել պարզաբանումներ հայտարարգրերի վերաբերյալ, իսկ պահանջելու դեպքում էլ հայտարարատուն իրավունք ունի չներկայացնելու պարզաբանումներ:

 

ԲԴԽ-ն գտել է նաև, որ տվյալ պարագայում ԿԿՀ-ն հանդիսանում է վարչական մարմին և նրա վրա տարածվում են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջները և արձանագրում է, որ վարչարարություն իրականացնելու համար նախատեսված ժամկետի ավարտմամբ դադարում է նաև վարչարարության իրականացման համար վարչական մարմնին տրված լիազորությունը:

 

Այսպիսով Խորհուրդը գտել է, որ Ռուբեն Վարդազարյանի գործողությունները եղել են իրավաչափ և մերժել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

 

Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի Խորհրդի արտահայտած հետևյալ դիրքորոշումը՝

 

«Դատական իշխանության ներկայացուցիչների կողմից բարեվարքության վերաբերյալ պարզաբանումներ տալուց խուսափելը, թեկուզ և օրենսդրորեն նման իրավունքների իրացման սահմաններում չի կարող դրական ազդեցություն ունենալ դատական իշխանության հեղինակության վրա։ Հայտարարագրի վերաբերյալ պարզաբանումներ տալուց ցանկացած հրաժարում կարող է հանրության մոտ ողջամիտ կասկածներ առաջացնել հայտարարագրված տեղեկությունների ճշմարտացիության վերաբերյալ, ինչը իր հերթին բացասական ազդեցություն կունենա դատական իշխանության անկախության նկատմամբ հանրության ընկալման հարցում:»

 

Այսինքն՝ Խորհուրդը գտնում է, որ այն պարագայում, երբ դատական իշխանության ներկայացուցիչը հրաժարվում է պարզաբանումներ տալ հայտարարագրի վերաբերյալ, եթե անգամ նման հրաժարումը հիմնվում է օրենքի վրա, այն կարող է հանրության մոտ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության վերաբերյալ:

 

 

  • ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանի և Վիգեն Քոչարյանի գործերը

 

Անի Մխիթարյանին և Վիգեն Քոչարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջոնրդություն Խորհրդին ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից:

 

Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթի միջնորդությունը հիմնված է եղել երկու դրվագների վրա, որոնցից առաջինը եղել է սխալ տվյալներ լրացնելու վերաբերյալ, իսկ երկրորդը՝ տվյալների ներայացման կանոնների խախտման վերաբերյալ: ԿԿՀ-ի կողմից առաջին հիմքով գործի վարույթը կարճվել է, իսկ երկրորդ հիմքով կիրառվել է տույժ՝ նախազգուշացում:

 

Ինչ վերաբերում է Վիգեն Քոչարյանին, ապա այս պարագայում նույնպես անդամի կողմից ներկայացվել են սխալ տվյալներ: ԿԿՀ-ն  տվյալներից մեկի մասով վարույթը կարճել է՝ վաղեմության ժամկետների հիմքով, իսկ մյուս տվյալների մասով կիրառել է նախազգուշացում:

 

Երկու վարույթների դեպքում էլ հարուցող մարմինը՝ ԿԿՀ-ն, չի պնդել կարգապահական վարույթի վերաբերյալ միջնորդությունները, ինչպիսի պարագայում Խորհուրդը գտել է, որ վարույթները ենթակա են կարճման:

 

  • Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի գործը

 

Այս որոշմամբ Խորհուրդն առաջին անգամ որոշում կայացրեց դադարեցնել դատավորի լիազորությունները, քանի որ վերջինս զբաղվել էր ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդույթունը Խորհուրդ է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից:

 

Այսպես, կնքված առուվաճառքի պայմանագրով «Մուշ» ՍՊԸ-ի սեփականատերերը պարտավորվել են Գագիկ Խանդանյանին (Դատավոր) վաճառել ընկերության 100% բաժնեմասերը: Բաժնեմասերի գինը սահմանվել է 2,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը Դատավորը պետք է վճարեր պայմանագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: Պետական ռեգիստրում կատարվել է «Մուշ» ՍՊԸ-ի սեփականատերերի փոփոխություն, որի արդյունքում ըներության միակ սեփականատեր է դարձել Գագիկ Խանդանյանը: Վերջինս նաև կայացրել է որոշում, որով ի թիվս այլնի փոփոխել է ընկերության տնօրենին: Դատավորն իրեն պատկանող ընկերության բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման նույն ընկերությանը:

 

Դատավորի կողմից որպես անհամատեղելիության պահանջների խախտում ԿԿՀ-ի կողմից ներկայացվել է երկու հիմք՝ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնել և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել:

 

Խորհուրդը արձանագրել է, որ դատավորի կողմից առևտրային իրավաբանական անձի բաժնեմասի ձեռքբերումը արգելված չէ օրենքով, հետևաբար թույլատրելի է, ավելին հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի դատավորների իրավունքների սահմանափակման ժառանգություն կամ նվեր ստանալու առումով: Ուստի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով վերագրվող խախտումը Խորհուրդը համարել է անհիմն:

 

Երկրորդ մասով Խորհուրդը գտել է, որ Դատավորը փաստացի ներգրավված է եղել «Մուշ» ՍՊԸ-ի ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացմանը, ինչը հանգեցրել է անհամատեղելիության պահանջների խախտման:

Խորհուրդը նաև անդրադարձել է այն հարցին, որ եթե Դատավորը կարող է բաժնեմաս ձեռք բերել, սակայն չի կարող իր կողմից ձեռք բերված բաժնեմասի նկատմամբ իրավունքը գրանցելու համար կանոնադրություն փոխել և ներկայացնել պետական գրանցման, կատարել կառավարչական բնույթի գործողություններ, ապա ինչպես է երաշխավորվում դատավորի կողմից բաժնեմաս կամ այլ գույք ձեռք բերելու իրավունքը և այս առումով նշել է, որ դատավորները նման գույք ձեռք բերելիս պարտավոր են այնպես իրականացնել իրենց գործողությունները, որ դրանք չհանգեցնեն անհամատեղելիության պահանջների խախտման, օրինակ՝ ձեռք չբերեն այնպիսի բաժնեմաս կամ բաժնետոմս, որը անհնար է հանձնել հավատարմագրային կառավարման առանց ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացման:

 

Հաշվի առնելով անհամատեղելիության կանոնների խախտման փաստը՝ Խորհուրդը որոշել է դադարեցնել Դատավորի լիազորությունները:

 

  • Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի գործը

 

Սերգեյ Մարաբյանի (Դատավոր) նկատմամբ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը: Հատկանշական է, որ Դատավորի նկատմամբ հարուցված վարույթը վերաբերել է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու առնչությամբ ընթացող քրեական գործի շրջանակում Դատավորի կողմից կայացված որոշմանը:

 

Դատավորը մերժել էր քննիչի՝ մեղադրյալ Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Խորհուրդը, անդրադառնալով կայացված որոշմանը, արձանագրել է, որ Դատավորը չի ղեկավարվել օրենսդրական պահանջներով և չի պատճառաբանել ու հիմնավորել, թե իր որոշումով ինչու է շեղվել Վճռաբեկ դատարանի հանրահայտ նախադեպային որոշումներով արտահայտած դիրքորոշումից։ Միևնույն ժամանակ Խորհուրդը չի համաձայնել վարույթ հարուցած մարմնի այն դիրքորոշման հետ, որ Դատավորը ապացույցները գնահատելիս դրսևորել է կանխակալ մոտեցում, քանի որ գտել է, որ առկա չեն հիմքեր նման ենթադրություն կատարելու համար:

 

Դատավորը կարգապահական վարույթի ընթացքում նշել է, որ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը կարող է հակասել օրենքին, ինչի հետ Խորհուրդը չի համաձայնել, սակայն գտել է, որ նման դատողություններ անելը կարգապահական վարույթի ընթացքում իր պաշտպանական իրավունքներն իրացնող Դատավորի կողմից չի կարող հիմք լինել նրա նկատմամբ անձնական որևէ այլ անբարենպաստ հետևանքների առաջ գալու համար, քանի որ ՄԻԵԴ կայուն հաստատված նախադեպային իրավունքի համաձայն, անձի՝ իր կոնվենցիոն իրավունքներից օգտվելը չի կարող լինել պատասխանատվության հիմք:

 

Խորհուրդը շեշտել է այն փաստը, որ պրակտիկայում քննարկված հարցերի առնչությամբ առկա են օրենսդրության, Վճռաբեկ դատարանի և Խորհրդի դիրքորոշումների ոչ միատեսակ ընկալում, ուստի այդ պարագայում չի կարող արձանագրվել, որ Դատավորը գիտակցել է կամ չգիտակցելու դեպքում տվյալ իրադրությունում պարտավոր էր կամ ակնհայտորեն կարող էր գիտակցել իր արարքի ոչ իրավաչափ լինելը: Նշվածի ուժով, Խորհուրդը գտել է, որ օբյեկտիվորեն խախտման դեպքի առկայության պայմաններում, արարքը ձեռք է բերում նվազ վտանգավորություն կամ կարևորություն: Այսինքն՝ Խորհուրդը գտել է, որ Դատավորի գործողություններում առկա չի դիտավորություն կամ կոպիտ անփութություն:

 

Խորհուրդը որոշել է մերժել վարույթ հարուցող մարմնի միջնորդությունը և Դատավորին չի ենթարկել կարգապահական պատասխանատվության:

 

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի գործը

 

Զարուհի Նախշքարյանի (Դատավոր) նկատմամբ 2021 թվականի ընթացքում հարուցվել է թվով երեք կարգապահական վարույթ, որոնցից երկուսի վերաբերյալ որոշումները կայացվել են 2021 թվականին, իսկ մեկի վերաբերյալ` 2022 թվականին: Առաջին և երրորդ վարույթներով Դատավորը չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, երկրորդով Դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն: Անդրադարձ կկատարենք միայն առաջին և երկրորդ վարույթներին, քանի որ երրորդ վարույթով որոշումը դեռևս հասանելի չէ:

 

Այսպես, առաջին վարույթի համար առիթ է հանդիսացել «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ ներկայացուցիչ Սամվել Ջաբաղյանի կողմից ներկայացված հաղորդումը:

 

Դատավորը վերադարձրել է դատարան ներկայացված հայցադիմումը, քանի որ գտել է, որ հայցը ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ, քանզի այն պետք է ներկայացվեր պատասխանողի բնակության՝ վերջին հայտնի վայրի դատարան, այսինքն՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հետագայում այս որոշումը վերացվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Խորհուրդն արձանագրել է, որ տվյալ դեպքում Դատավորը խոչընդոտել է հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացմանն այնքանով, որ հայցադիմումի ընդունելիության հարցի լուծման փուլում, հիմք ընդունելով հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթում և Պատասխանողի կողմից Դատարանին ուղղված գրության մեջ նշված հասցեն, վերադարձրել է այն՝ ընդդատության կանոնները պահպանված չլինելու պատճառաբանությամբ, մինչդեռ հայցադիմումում նշված Պատասխանողի բնակության վայրի հասցեն ընդդատյա է եղել Դատարանին, իսկ Դատավորը հայցադիմումի ընդունման փուլում իրականացրել է ապացույցի գնահատում, ինչը քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից չի բխում և իրավաչափ համարվել չի կարող:

 

Խորհուրդը մատնանշել է այն փաստը, որ Վերաքննիչ դատարանի կողմից Դատավորի կայացրած որոշումը վերացնելուց հետո այդ գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, ով ընդունել է վարույթ և գտել է, որ հայցադիմումն ընդունվել է ընդդատության կանոնների խախտմամբ և գործը հանձնել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այսինքն՝ Դատավորի կողմից խախտումը վերաբերվել է դատավարական համապատասխան փուլին, իսկ գործն ըստ էության իսկապես ընդդատյա չի եղել դատարանին, ինչը հաստատում է խախտման նվազ կարևորությունը:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը որոշել է մերժել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

 

Երկրորդ վարույթի հարուցման համար առիթ է հանդիսացել փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից ներկայացված հաղորդումը:

 

Վարույթի հիմք է հանդիսացել այն փաստը, որ Դատավորի վարույթում գտնվող գործով հայցվոր Շուշան Փաշինյանի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Դատավորին, քանի որ վերջինս հրապարակային մի շարք հայտարարություններում քննադատության է ենթարկել Շուշան Փաշինյանի հոր և օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները, և գտել է, որ նման պարագայում Դատավորը չէր կարող լինել անաչառ և անկողմնակալ: Դատավորը մերժել է միջնորդությունը, քանի որ նշել է, որ իր քննադատություններն ուղղված են եղել ոչ թե Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուստի նման պարգայում կողմնակալության հարց առաջանալ չի կարող:

 

Խորհուրդը գտել է, որ դատավորի կողմից որոշման մեջ նշված պատճառաբանություններն անհիմն են, և Դատավորը ինքնաբացարկի հիմքերը դիտարկել է միայն իր տեսանկյունից, այլ ոչ թե անկողմնակալ դիտորդի: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտել է, որ Դատավորի կողմից խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ:Հաշվի առնելով վերոգրյալը Խորհուրդը Դատավորին հայտարարել է խիստ նկատողություն:

 

  • Ամփոփում

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը 2021 թվականի ընթացքում անդրադարձել է նաև դատավորներ Արման Հովհաննիսյանի, Կարինե Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի, Կարինե Բաղդասարյանի և Վարդան Գրիգորյանի վերաբերյալ կարգապահական վարույթներին՝ առանձին վերլուծություններով, ուստի այս վերլուծությունը չծանրաբեռնելու համար կրկին չենք անդրադառնա այդ վարույթներով որոշումներին:

 

Ամփոփելով 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած կարգապահական վարույթները՝ կարող ենք նշել, որ դրանց թիվը բավականին աճել են: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կտրուկ կերպով աճել են այնպիսի դատավորների նկատմամբ հարուցվող վարույթների թիվը, ովքեր այս կամ այն կերպ առնչություն ունեն քաղաքական ճանաչում ունեցող անձանց վերաբերող գործերին: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ մի քանի դատավորների նկատմամբ 2021 թվականի ընթացքում հարուցվել են մի քանի կարգապահական վարույթներ:

 

Դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթները շարունակում են հանդիսանալ այն կարևոր գործիքակազմը, որի միջոցով հնարավոր է դառնում վերահսկել դատավորների գործունեության օրինականությունը, այդ թվում նրանց կողմից կայացվող դատական ակտերի առնչությամբ: Կարծում ենք՝ հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով այս վարույթները մշտապես անհրաժեշտ է պահել ուշադրության կենտրոնում, ինչը և վերջին տարիների ընթացքում իրականացվում է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից: Նկատելի է, որ Բարձրագույն դատական խորհուրդն էլ իր հերթին 2021 թվականին ջանքեր է գործադրել վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը լրագրողներին և հանրությանը հասանելի դարձնելու առումով, ինչը դրական ենք գնահատում։

 

 

Տաճատ Ոսկանյան

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

[1] Դատավորը համարվում է կարգապահական տույժ չունեցող, եթե նախազգուշացում ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Տվյալ պարագայում այս որոշումը կայացնելիս Դատավորին նախազգուշացում հայտարարելու պահից լրացել էր վեց ամիսը: