ՍԴ-ԲԴԽ «հակամարտություն»․ ինչու և ինչպես

ՍԴ-ԲԴԽ «հակամարտություն»․ ինչու և ինչպես

Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Արայիկ Մելքումյանին ընդգրկեց դատավորների ռեզերվում։ Դրան նախորդել էր ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշման կապակցությամբ։ ՍԴ-ն այդ որոշման հիմքում դրված oրենքի կետը հակասահմանադրական էր ճանաչել։ Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի «հակամարտությունը» թեև լուսաբանվեց, սակայն հանրության լայն շրջանակների համար չպարզաբանվեց, թե ինչու և ինչպես ծագեց այս խնդիրը և ինչ նշանակություն այն կարող է ունենալ Հայաստանի դատական իշխանության համար։ Այս հոդվածը այդ հարցերին պատասխանելու նպատակ է հետապնդում։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ քաղաքացի Արթուր Մկրտչյանը 2018 թվականի հոկտեմբերի 26-ին հաղորդում է տվել հասցեագրված ՀՀ Արդարադատության նախարարին՝ նշելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ: Մասնավորապես, դատավորը տվել է կատարողական թերթ դեռևս ուժի մեջ չմտած դատական ակտի վերաբերյալ, ավելին՝ այդ դատական ակտը եղել է բեկանված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Այսինքն, դատավորի կողմից խախտվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերը: Խախտումները եղել են ակնհայտ և կոպիտ։

2018 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի որոշմամբ դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որից հետո նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ինքը՝ դատավոր Արայիկ Մելքումյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկայացրել է երկու բացատրություն. առաջինը՝ Արդարադատության նախարարին, երկրորդը՝ Բարձրագույն դատական խորհրդին: Դատավորը կարծում է, որ ինքը ոչ թե խախտում, այլ վրիպակ է թույլ տվել, քանի որ դա «չէր կարող պայմանավորված լինել իրավական նորմի չիմացությամբ»։ Մելքումյանը պնդել է, որ իր կողմից նման վրիպում թույլ տալու պատճառը եղել է իր՝ որպես դատավորի գերծանրաբեռնված լինելը, մասնավորապես, խախտում կատարելու օրը դատավորի վարույթում է եղել ընդհանուր առմամբ 3537 գործ։

2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է նախարարի միջնորդությունը՝ գտնելով, որ դատավորի կողմից թույլ տրված խախտումը ոչ միայն կոպիտ է՝ հեղինակազրկում է դատական իշխանությունը, այլ նաև էական է, քանի որ անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ (ԲԴԽ-ի որոշումն ամբողջությամբ՝ այստեղ): ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով:

Սա բացառիկ դեպք է եղել, միակը, երբ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է դատավորի լիազորությունները։ Որոշման հիմքում դատավորի կողմից թույլ տրված խախտումից տուժած քաղաքացու հաղորդումն է եղել։ Փաստացի դատավորի գործողություններից տուժած անձը կարողացել է պատասխանատվության ենթարկել նրան։

Բարձրագույն դատական խորհրդի որոշումը թեև ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերջնական է, այնուամենայնիվ, դատավոր Արայիկ Մելքումյանին հաջողվել է վերացնել այդ որոշումը։ Դատավորը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել, թե արդյոք ՀՀ Սահմանադրությանը չեն հակասում ՀՀ դատական օրենսգքրի երկու հոդվածների դրույթները, որոնցից մեկը վերաբերվում էր էական կարգապահական խախտմանը՝ դատավորի կողմից այնպիսի արարք կատարելու հիմքով, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետ), իսկ մյուսը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման վերջնական լինելուն և ուժի մեջ հրապարակման պահից մտնելուն («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը): Դատավորին կարգապահական պատասխանատվության համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որը Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

2019 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որով դատավոր Մելքումյանին կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացած օրենքի դրույթը ճանաչել է հակասահմանադրական (ՍԴ-ի որոշմանն ամբողջությամբ՝ այստեղ

Այս որոշումը էական է ոչ միայն դատավոր Արայիկ Մելքումյանի գործի համար, այլև այն պատճառով, որ այսուհետ ԲԴԽ-ն փաստացի զրկվում է դատավորի լիազորությունները դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով:

ՍԴ որոշումից հետո դատավոր Արայիկ Մելքումյանը 2020 թվականի փետրվարի 3-ին դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ իր վերաբերյալ նախկինում կայացված ԲԴԽ որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ։ Դատավորը գտնում է, որ ԲԴԽ-ն պետք է վերացնի իր նախորդ որոշումը և կայացնի նոր որոշում, վերականգնի իրեն նախկինում զբաղեցրած պաշտոնում և վճարի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարեց դատավոր Մելքումյանի դիմումը՝ վերացնելով նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը։ ԲԴԽ-ն նաև որոշեց Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում։ Վերոհիշյալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ առկա չէր թափուր դատավորի հաստիք, որի պարագայում Արայիկ Մելքումյանը կվերականգնվեր իր նախկին պաշտոնում: Ավելին, վերջինիս պահանջը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, մերժվել է ԲԴԽ-ի կողմից:

Այսպիսով, ՀՀ քաղաքացու շահերի դեմ կոպիտ ու էական խախտում թույլ տված դատավորը ըստ էության որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Նրա նկատմամբ կայացված որոշումը վերացվեց, և նա անգամ նկատողություն չստացավ։ Արայիկ Մելքումյանը 2019 թվականի փետրվարի 14-ից փաստացի դատական նիստեր չի անցկացնում և որոշումներ չի կայացնում, սակայն այժմ դատավորների ռեզերվում է և առաջիկայում կարող է վերականգնվել իր պաշտոնում, եթե առաջանա թափուր դատավորի հաստիք։

ՀԳ – ԲԴԽ-ի՝ փետրվարի 27-ի որոշումը ներառում է անդամներից մեկի՝ Հայկ Հովհաննիսյանի հատուկ կարծիքը, ով գտնում է, որ ՍԴ-ի վերոնշյալ որոշման կիրառումը ինքնին հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին, և այդ որոշման ճանաչումը ավելի կխորացնի այն անջրպետը, որն առկա է մի կողմից Սահմանադրական դատարանի և մյուս կողմից իշխանության ճյուղերի ու հասարակության միջև (հատուկ կարծիքն՝ այստեղ):