Հարբած վարորդին մեքենա հանձնելու գործը կարճվեց դատարանում

«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Հունիսի 7-ին այցելել ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու նստավայր՝ Չարենցավանի և Աբովյանի։

Չարենցավանի նստավայրում ժամը 11։00-ին նախատեսված քաղաքացիական գոևծով դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմերից մեկը նիստը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանի ներսում նկատեցինք, որ նիստերի դահլիճի դռների վրա կա թափանցիկ ապակի, որը հնարավորություն է տալիս դրսից տեսնելու, թե ինչ է տեղի ունենում դահլիճում։ Դրա շնորհիվ հնարավոր է խուսափել նիստերի դահլիճի դուռը  բացել-փակելու անհրաժեշտությունից, որը հաճախ շեղում է գործի մասնակիցների և դատավորի ուշադրությունը։

Աբովյանի նստավայրում քննվում էր ավտոմեքենան ակնհայտ հարբած վիճակում գտնվող անձին հանձնելու գործը։ Մեղադրանք էր առաջադրվել Համայակ Ուստիյանին, ով իրեն պատկանող մեքենան հանձնել էր հարբած Գառնիկ Հակոբյանին (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 243՝ Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը)։

Գառնիկ Հակոբյանը, ոչ սթափ վիճակում վարելով մեքենան, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի ձախ կողմում գտնվող արգելապատնեշին։ Գառնիկ Հակոբյանը մահացել է, իսկ Դավիթ Մինասյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել էր ծանր վնաս:

Դատական նիստի ընթացքում դատարանի շենքը հոսանքազրկվեց և նիստը շարունակվեց արձանագրվել պարզ թղթային տարբերակով։ Դատարանին ներկայացվեց միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Հիմքը վաղեմության ժամկետն էր։ Դեպքից անցել է ավելի քան 2 տարի և ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ կետի`գործի վարույթը ենթակա է կարճման։

Դատավոր Գոռ Շահբազյանը ամբաստանյալ Համայակ Ուստիյանին հարցրեց՝ արդյոք նա չի՞ առարկում, որ գործի վարույթը կարճվի՝ հիշեցնելով, որ սա ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցում է համարվելու։ Ուստիյանը չառարկեց, և դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելը, որը հրապարակեց տասը րոպե անց։

Ըստ որոշման՝ Համայակ Ուստիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական գործի վարույթը կարճվեց։

 

Նիստին մասնակցեցին

Դավիթ Գրիգորյանը

Նատաշա Հարությունյանը