Երեխաների բնակության վայրի վերաբերյալ վեճը մայրն առաջարկում է լուծել հաշտությամբ

«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Հունիսի 11-ին այցելել էինք Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Էջմիածնի նստավայր, որտեղ քննվում էր երեխաների խնամքն ու բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցը։

Հայցվորը 3 և 4 տարեկան երեխաների մայրն է՝ Ա․Ս․-ն, ում նախկին ամուսինը՝ Ա․Հ․-ն հակընդդեմ հայց է ներկայացրել նույն պահանջով։ Երկու ծնողներն էլ ցանկանում են, որ երեխաները մշտապես իրենց հետ բնակվեն։ Ծնողներից յուրաքանչյուրը դիմել է իր իր համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմնին, որպեսզի վերջինս եզրակացություն տա այն մասին, թե արդյոք իր պայմանները բավարար են երեխաների խնամքի համար։

Մայրը Արարատի մարզի Գինեվետ համայնքից է, հայրը՝ Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքից։ Յուրաքանչյուր համայնք իր Խնամակալության և հոգաբարձության մարմինն ունի, որն էլ ձևավորում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ նման գործերը քննելու և բազմաթիվ այլ գործառույթներ իրականացնելու համար։

Երկու համայնքների հանձնաժողովներից մեկական անդամ էր ներկայացել դատական նիստին։ Դատարանը նախ լսեց Գինեվետ համայնքի հանձնաժողովի ներկայացուցչին, ով ասաց, որ մեկ շաբաթ շարունակ այցելել են Ա․Ս․-ի տուն համոզվելու համար, որ երեխաներից մեկը մշտապես այնտեղ է գտնվում։ Հանձնաժողովը տեղեկատվություն էր ստացել, թե տղան մոր մոտ չէ և դա ստուգելու համար այցեր էր նախաձեռնել։ Հանձնաժողովի անդամը Գինեվետ գյուղի ընտանեկան բժիշկ Լիանա Հովսեփյանն է, ով ասաց, որ Ա․Ս․-ի ընտանիքը շատ հարգված է իրենց համայնքում, և նրա տան և ֆինանսական պայմանները լիարժեքորեն բավարարում են երեխաների խնամքի համար։

Ըստ Հովսեփյանի՝ երեխաների մայրը չի աշխատում, մշտապես փոքրիկների հետ է, իսկ նրանց ֆինանսապես աջակցում են երեխաների տատիկն ու քեռիները։ Հանձնաժողովի անդամը նաև նշեց, որ Ա․Ս․-ի տանը երեխաների համար առանձին ննջասենյակ և խաղասենյակ կա։

Դատարանը չլսեց Աղավնատուն համայնքի հանձնաժողովի անդամին, քանի որ Ա․Ս․-ի ներկայացուցիչ փաստաբան Լուիզա Հարությունյանը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով Ա․Հ․-ն փոխել է իր բնակության հասցեն, ուստի նրա նախկին բնակության հասցեի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն այլևս արդի չէ։ Նշենք, որ Աղավնատուն համայնքի հանձնաժողովն էլ իր հերթին եկել է եզրակացության, որ երեխաների հոր պայմանները համապատասխանում են երեխաների խնամքին ու կարիքներին և ցանկալի է, որ երեխաները հոր մոտ մնան։

Լուիզա Հարությունյանը հայտարարեց, որ Ա․Հ․-ի հետ անձամբ է հեռախոսազրույց ունեցել, որի ընթացքում վերջինս ասել է, թե ինքն արդեն Երևանում է ապրում, որտեղ գիշերային հերթափոխով աշխատանքի է անցել։ Ա․Հ․-ն չէր ներկայացել դատական նիստին, իսկ նրա ներկայացուցիչ փաստաբան Գրիշա Բալասանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ա․Հ․-ն շարունակում է բնակվել Աղավնատուն համայնքում, նույնը հաստատեց նաև համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Կիմա Խաչատրյանը՝ նշելով, որ ինքն Ա․Հ․-ին մի քանի օր առաջ է տեսել գյուղում։

Դատավոր Հովհաննիսյանը որոշեց հետաձգել դատական նիստը Ա․Հ․-ի ներկայիս բնակության հասցեի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին։

Նախքան դատական նիստը հետաձգելը փաստաբան Լուիզա Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք հաշտություն են առաջարկել Ա․Հ․-ին, մասնավորապես առաջարկել են, որ երեխաները մշտապես լինեն մոր մոտ, իսկ հայրը հնարավորություն ունենա ոչ միայն տեսակցելու երեխաներին, այլև տանելու նրանց գիշերակացով։ «Մենք չենք ցանկանում, որ երեխաներն առանց հոր մեծանան, եթե երեխաները գիշերը ցանկանան մնալ հոր մոտ, մենք չենք առարկի»,- նշեց փաստաբանը։

Ա․Հ․-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայտարարեց, որ ինքը կքննարկի առաջարկն իր վստահորդի հետ և հաջորդ դատական նիստին կհայտնի նրա դիրքորոշումը։

ՀԳ – Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության իրականացրած հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դատական նիստին մասնակցեցին

Մհեր Կարագոզյանը

Գևորգ Դերձյանը