Ինչու է ԲԴԽ-ն մերժել Ռշտունուն պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը, իրականացնելով Բարձրագույն դատական խորհրդի (Խորհուրդ) գործունեության մշտադիտարկումը, պարբերաբար անդրադարձել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Խորհրդի կողմից կայացված որոշումներին:
Այս վերլուծության շրջանակում անդրադառնում ենք վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին:
- Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
Վազգեն Ռշտունու (Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Արդարադատության նախարարի (Նախարար) միջնորդությունը:
Դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Դատավորը զեկուցագրով դիմել է դատարանի նախագահին 02.07.2021 թվականին և խնդրել է իրեն վերապահված գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխել այլ դատավորների՝ այն հիմքով, որ Դատավորը 02.07.2021 – 23.07.202թթ. և 02.08.2021 – 27.08.2021թթ. գտնվելու է ամենամյա արձակուրդում:
Նախարարը գտել է, որ այս դեպքում առկա չէ դատական գործերի վերաբաշխման հիմք և գործերը վերաբաշխման հանձնելով՝ Դատավորը հրաժարվել է քննել և լուծել իր իրավասությանը հանձնված գործերը: Այլ կերպ ասած, Դատավորը խուսափել է իրականացնել արդարադատություն, ուստի նման պարագայում Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող, դատական իշխանության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Դատավորը իր կողմից ներկայացված դիրքորոշման մեջ նշել է, որ իրեն վերագրվող արարքը չէր կարող իրականացվել իր կողմից, քանի որ այն գտնվում է դատարանի նախագահի տիրույթում:
Հատկանշական է, որ Դատավորը նշել է, որ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում գործերի վերաբաշխումը տարածված պրակտիկա է և զեկուցագիրը, որը հիմք է հանդիսացել իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, եղել է կամայական և իրականացվել է խտրական ձևով:
Խորհուրդն այս գործի շրջանակում անդրադարձել է մի քանի հարցադրումների, մասնավորապես՝
- Արդյո՞ք կարգապահական վարույթի հարուցումն ուղղված է եղել կոնկրետ դատավորի դեմ, եղել է կամայական և խտրական,
- Արդյո՞ք Դատավորի կողմից իր վարույթում գտնվող դատական գործերն արձակուրդում գտնվելու պատճառով վերաբաշխման հանձնելը հանգեցրել է օրենքի պահանջների և վարքագծի կանոնների խախտման,
- Եթե Դատավորի կողմից թույլ են տրվել վարքագծի կանոնների խախտում, ապա արդյո՞ք այն կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նախ Խորհուրդը արձանագրել է, որ ձեռք բերված ապացույցների և Դատավորի ու Նախարարի կողմից ներկայացված բացատրությունների արդյունքում չի ապացուցվել, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել պատժելու կոնկրետ Դատավորին:
Այսպես, նախ Խորհուրդը նշել է, որ արձակուրդում գտնվելը գործերի վերաբաշխման համար օրենսդրական հիմք է, իսկ դրա դեպքերն ու կարգը պետք է նախատեսված լինեն Խորհրդի որոշմամբ, ուստի այս դեպքում պետք է պարզել, թե արդյոք վերաբաշխումն իրականացվել է Խորհրդի որոշման հիման վրա:
Խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ (Որոշում) սահմանվում է վերաքննիչ դատարաններում դատավորների միջև գործերի վերաբաշխման կարգը: Այս որոշմամբ սահմանվում է, որ դատավորի՝ անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայելու, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում դատավորին հանձնված գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը։
Խորհուդը նշել է, որ Որոշմամբ ուղղակիորեն սահմանված չէ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար գործերի վերաբաշխման դեպքերն ու կարգը, ուստի պարզել է, արդյոք նման դեպքում դատավորին կարելի է ենթարկել կարգապահական պատասխանատվության, երբ դատավորը երկարատև արձակուրդում գտնվելու հիմքով վերաբաշխման է հանձնում իր իրավասության տակ գտնվող գործերը:
Խորհուրդն արձանագրել է, որ թեև Որոշմամբ հստակ չի նախատեսվել արձակուրդում գտնվելու հանգամանքը՝ որպես հիմք գործերի վերաբաշխման համար, սակայն նախատեսել է վերաբաշխման հնարավորություն բացառիկ դեպքերում, որոնց հիմքով վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշելու լիազորությունը տրված է դատարանի նախագահին: Այլ կերպ ասած, Խորհուրդն արձանագրել է, որ նման հիմքով գործերի վերաբաշխում կատարելը չի հակասում օրենքին և Խորհրդի որոշմանը:
Խորհուրդը նշել է, որ տվյալ դեպքում Դատավորի գործողություններում առհասարակ բացակայել է այս հիմքով խախտում թույլ տալու հանգամանքը, քանի որ Դատավորը ոչ թե վերաբաշխում կատարող անձն է եղել, այլ այն անձը, ով նման զեկուցագրով դիմել է դատարանի նախագահին:
Այսպիսով, Խորհուրդը գտել է, որ տվյալ պարագայում առկա չեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր և մերժել է Նախարարի միջնորդությունը:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվող նման որոշումներն ունեն կարևոր նշանակություն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լուծելու իրավակիրառ պրակտիկայում առկա անորոշությունները:
Տաճատ Ոսկանյան
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն
Լուսանկարը՝ ՓԱՍՏԻՆՖՈ-ի